ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպում է ունեցել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության, ակադեմիկոսների, սփյուռքագետ գիտնականների հետ \
02 հուլիսի, 2008Ս.թ. հուլիսի 1-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ տկն. Հակոբյանի հանդիպումը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, Ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանի, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության եւ Պատմության ինստիտուտների տնօրեններ Ռուբեն Սաֆրաստյանի ու Աշոտ Մելքոնյանի, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Նիկոլայ Հովհաննիսյանի, պատմական գիտությունների դոկտոր Վահան Բայբուրդյանի, ինչպես նաեւ երիտասարդ գիտնականների, ասպիրանտների հետ:
Բացման խոսքում Ռադիկ Մարտիրոսյանը բարձր գնահատեց Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությունը` հանդիպելու հայ գիտնականների հետ, քննարկելու Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման եւ հոկտեմբերից գործող Սփյուռքի նախարարության լիազորությունների եւ իրավասությունների հետ կապված հարցերը:
Իր ելույթում Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Հանրապետության նախագահն իր նախընտրական ծրագրի կարեւորագույն դրույթներից է համարել Սփյուռքում հայապահպանության հիմնախնդիրը եւ համայն հայության ներուժի օգտագործումը Հայաստանի զարգացման եւ հզորացման գործում: Այդ նպատակով կառավարման համակարգում ստեղծվել է համապատասխան կառույց: Կարեւորելով հայ գիտնականների դերը` նա հույս հայտնեց, որ վերջիններն իրենց մոտեցումներն ու տեսակետները կներկայացնեն ստեղծվելիք մարմնի գործունեության ուղղությունների եւ գործառույթների, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման հայեցակարգի մշակման ուղղությամբ: Նա նշեց, որ այժմ մշակվում են գաղափարական, իրավական, ֆինանսատնտեսական եւ կազմակերպչական մեխանիզմները կառավարման մարմնի գործունեությունն ապահովելու համար:
Գիտնականներն իրենց ելույթներում, ողջունելով Սփյուռքի նախարարության ստեղծումը, կարեւորեցին Սփյուռքի համախմբման, սփյուռքահայ տարբեր կառույցների մոտ համահայկական մտածելակերպի ամրապնդման, Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում Սփյուռքի ներուժի օգտագործման, Սփյուռքում հայապահպանության, մասնավորապես` կրթական, մշակութային օջախների, եկեղեցիների պահպանման գործում Հայաստանի Հանրապետության ավելի մեծ ներգրավման անհրաժեշտությունը: Նրանք հատկապես ընդգծեցին Սփյուռքի նախարարության համակարգող դերը Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:
Հանդիպման վերջում հայ սփյուռքագետ գիտնականները Հրանուշ Հակոբյանին նվիրեցին ակադեմիայի երկու տասնյակից ավելի գիտական աշխատություններ: