Բրազիլիայի Օզասկո քաղաքում տեղի է ունեցել հայկական խաչքար-հուշարձանի բացումը 2 հուլիս 2008թ. Ս.թ. հուն
02 հուլիսի, 2008Ս.թ. հունիսի 29-ին Բրազիլիայի Սան Պաուլոյի նահանգի Օզասկո քաղաքում` քաղաքապետարանին հարող հրապարակում, կայացել է հայկական խաչքար-հուշարձանի բացման արարողությունը: Խաչքարը Օզասկոյին նվիրել է Գյումրու քաղաքապետարանը` ի նշան երկու քույր քաղաքների բարեկամության, որը հաստատվել է 2006թ.:
Հուշարձանի բացումը կատարել են քաղաքապետ Էմիդիո դը Սոուզան, Սան Պաուլոյում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վալերի Մկրտումյանը եւ Բրազիլահայ թեմի առաջնորդ Տաթեւ Արքեպիսկոպոս Ղարիբյանը:
Ելույթում Վալերի Մկրտումյանը նշել է, որ հայ հինավուրց մշակույթի անբաժանելի մաս համարվող խաչքարը տեղադրվել է Օզասկո քաղաքում, քանզի 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած առաջին հայ գաղթականները ոտք են դրել բրազիլական հողի վրա հենց այդ քաղաքում: Այսօր էլ իրենց երկրորդ հայրենիքը վերագտած Օզասկոյի հայերը` որպես երախտիքի արտահայտություն, շարունակում են նպաստել երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքի զարգացմանը: Այնուհետեւ գլխավոր հյուպատոսն ընթերցել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը:
Օզասկոյի քաղաքապետն անդրադարձել է հայության դերակատարությանը Օզասկոյի զարգացման գործում, Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությանը, երկու քաղաքների եւ երկու ժողովուրդների համագործակցության զարգացմանն ու բարեկամության ամրապնդմանը: