ՀՀ ԱԳ նախարարությունում կայացավ Երեւան-Պրիշտինա հեռուստակամուրջ Կոսովոյում հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների անդամների համար 27 հունիս 2008թ.

27 հունիսի, 2008

Ս. թ. հունիսի 27-ին Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի հերթական շաբաթավա ընթացքում ՀՀ ԱԳ նախարարությունը երկրորդ անգամ կազմակերպեց Երեւան-Պրիշտինա հեռուստակամուրջը Կոսովոյում հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների անդամների համար:

Հեռուստակամրջի կազմակերպման գործում արտգործնախարարությանը մեծապես օժանդակել են Հայաստանում Միացյալ Նահանգների եւ Հունաստանի դեսպանությունները:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, Հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան Ֆրանսուա Բյուրոն, ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը, Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը:

Հեռուստակամուրջի սկզբին ցուցադրվեց հայ խաղաղապահներին ուղղված ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ողջույնի խոսքը: Այնուհետեւ Հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան Ֆրանսուա Բյուրոն եւ Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը եւս հանդես եկան ողջույնի խոսքերով: Նրանք շնորհակալություն հայտնեցին խաղաղապահներին եւ հաջողություն մաղթեցին հետագա առաքելության կատարման գործում: Դրական գնահատեցին նաեւ խաղաղապահների քանակի կրկնապատկման վերաբերյալ 2008թ. մայիսի 12-ին Հայաստանի Ազգային Ժողովի ընդունած որոշումը` նշելով, որ դա կնպաստի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության խորացմանը:

Տպել էջը