ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը պաշտոնական այց է կատարել Սիրիա 25 հունիս 2008թ.

25 հունիսի, 2008

Ս.թ. հունիսի 21-24-ը կայացել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի պաշտոնական այցը Սիրիայի Արաբական Հանրապետություն։

Այցի ընթացքում ՀՀ կրթության եւ գիտության նախարարը հանդիպումներ է ունեցել Սիրիայի վարչապետ Նաջի Օտրիի, բարձրագույն կրթության եւ գիտության նախարար Ղիաս Բարաքաթի, կրթության նախարար Ալի Սաադի,
հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի սիրիական կողմի համանախագահ, տնտեսության նախարար Ամեր Հոսնի Լուտֆիի հետ, ինչպես նաեւ այցելել է Դամասկոսի, Հոմսի եւ Հալեպի համալսարաններ։ Բոլոր պաշտոնական հանդիպումների ընթացքում խոսվել է երկու երկրների ջերմ եւ բարեկամական հարաբերությունների եւ դրանց մակարդակն էլ ավելի խորացնելու ուղղությամբ կողմերի պատրաստակամության մասին։

Այցի շրջանակներում երկու երկրների միջեւ ստորագրվել է կրթության եւ գիտության ոլորտում 2008-11թթ. համար համագործակցության գործնական ծրագիրը։

Հունիսի 24-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարարը Հալեպի համալսարանում կատարել է հայկական բաժանմունքի պաշտոնական բացումը։ Արարողությունից հետո ՀՀ նախարարը եւ Հալեպի համալսարանի ռեկտորը հայ-սիրիական բարեկամությունը խորհրդանշող ծառ են տնկել համալսարանի այգում։

Տպել էջը