Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Պրովանս-Ալպ-Կոտ դ` Ազյուր շրջանի եւ Լոռու մարզի միջեւ 23 հունիս 2008թ.
23 հունիսի, 2008Ս. թ. հունիսի 19-ին Պրովանս-Ալպ-Կոտ դ` Ազյուրի շրջանային խորհրդում (Մարսել) հանդիսավոր պայմաններում Շրջանային խորհրդի նախագահ Միշել Վոզելը (Michel Vauzelle) եւ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը ստորագրել են երկկողմ համագործակցության Համաձայնագիր, ինչպես նաեւ 2008թ. համար Համագործակցության գործողությունների պայմանագիր Պրովանս-Ալպ-Կոտ դ` Ազյուրի շրջանի եւ Լոռու մարզի միջեւ, որոնք եղբայրացած են 1997թ. ի վեր: Համաձայնագրերով նախատեսվում են առավել խորացնել ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը առողջապահության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաեւ մի շարք այլ ծրագրերի համատեղ իրականացման գործում:
Ստորագրման արարողությանը նախորդել է հանդիպում Շրջանային խորհրդի նախագահ Միշել Վոզելի եւ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի միջեւ, որի ընթացքում երկուստեք բարձր գնահատական է տրվել հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում հաջողությամբ ծավալվող ապակենտրոնացված մակարդակով համագործակցությանը, մասնավորապես Պրովանս-Ալպ-Կոտ դ` Ազյուրի եւ Լոռու միջեւ օրեցօր զարգացող կապերին: Քննարկվել են առաջիկա համագործակցության մի շարք կոնկրետ ծրագրեր:
Համագործակցության համաձայնագրի ստորագրման, ինչպես նաեւ Պրովանս-Ալպ-Կոտ դ` Ազյուրի շրջանի ֆրանսահայերի պատվին Շրջանային խորհրդի նախագահ Միշել Վոզելը նույն օրը կազմակերպել է հանդիսավոր երեկո, որին մասնակցել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Ֆրանսիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Համլետ Գասպարյանը, Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ, Մարսելի, Նիցցայի եւ շրջակա այլ քաղաքների իշխանությունների ներկայացուցիչներ, հայկական հոգեւոր պետեր եւ ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ ու հարյուրավոր ֆրանսահայեր:
Երեկոյի ընթացքում Շրջանային խորհրդի ընդարձակ սրահում հանդիսավոր բացվել է հայկական խաչքարը, որը Պրովանս-Ալպ-Կոտ դ` Ազյուրի շրջանին էր նվիրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը անցյալ տարի հոկտեմբերին Միշել Վոզելի Հայաստան կատարած այցի ժամանակ: