Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր աղետների կանխարգելման եւ կառավարման ոլորտում 23 հունիս 2008թ. \

23 հունիսի, 2008

Ս. թ. հունիսի 19-ին Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ` Ազյուրի շրջանային խորհրդում (Մարսել) Շրջանային խորհրդի նախագահ Միշել Վոզելը (Michel Vauzelle) եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը ստորագրել են Համաձայնագիր աղետների կանխարգելման եւ կառավարման ոլորտում համագործակցության վերաբերյալ: Համաձայնագիրը նախատեսում է մի կողմից ֆրանսիական Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների կազմակերպության, մյուս կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ու Հայաստանի փրկարար ծառայության միջեւ սերտ համագործակցություն վտանգների կանխարգելման եւ ճգնաժամային կառավարման ոլորտներում կադրերի ուսուցման, համագործակցության ծրագրերի իրականացման, տեխնիկական փորձագիտության, խորհրդատվությունների եւ տեղեկությունների փոխանակման, կառուցվածքային ֆոնդերի համատեղ որոնման, խոշոր բնական աղետների եւ վտանգների դեպքում օպերատիվ միջամտության, ինչպես նաեւ նյութական, գիտական եւ տեխնիկական աջակցության բնագավառներում: Համաձայնագրի հիմնական նպատակն է Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների կազմակերպության եւ Հայաստանի փրկարար ծառայության միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների ամրապնդումը եւ ընդլայնումը 1989թ. սկսված համատեղ իրականացված աշխատանքների եւ գործողությունների ընթացիկ եւ նախատեսվող ծրագրերի հիման վրա:

Ֆրանսիայի API Միջազգային ուսուցողական ընկերության հրավերով Մարսելում գտնվող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը հաջորդ օրը ուսումնական կենտրոնում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար տիկին Միշել Ալիո-Մարիի (MichՌle Alliot-Marie) հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են աղետների կանխարգելման եւ կառավարման ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության հարցեր:

Հայկական պատվիրակությունը, որի կազմի մեջ էր մտնում նաեւ Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը, ուսումնական կենտրոնում մասնակցել է տարբեր տեխնիկական ժողովների, որոնց ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներում աջակցության, տարերային եւ տեխնածին աղետներին անհապաղ արձագանքման բնագավառում համատեղ ուսումնական եւ գործնական ծրագրեր:
Տպել էջը