Գրոդնո քաղաքում անցկացվել է Ազգային մշակույթներիհանրապետական 7-րդ փառատոնը 17 հունիս 2008թ.
17 հունիսի, 2008Ս.թ. հունիսի 13-15-ը Գրոդնո քաղաքում անցկացվել է Ազգային մշակույթների հանրապետական 7-րդ փառատոնը, որին մասնակցում էին Բելառուսում բնակվող հարյուրից ավելի ազգություններից 27-ի ներկայացուցիչներ։ Բելառուսահայերը նշված ավանդական փառատոնի մշտական եւ ակտիվ մասնակիցներն են։ Նրանք այս անգամ եւս մասնակցել են մեծ պատվիրակությամբ (թվաքանակով երրորդը` 66 հոգի Բելառուսի բոլոր մարզերից) եւ նվաճել բոլորից ավելի պատվոգրեր։ Սահմանված միակ գրան-պրի մրցանակը շնորհվել է էստրադային երգիչ Վալերի Ավանեսյանին։ Բարձր գնահատականի են արժանացել նաեւ հայկական խոհանոցի, հարսանիքի եւ բակի կենցաղի ներկայացումները։
Փառատոնի բացմանը մասնակցել է Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը` ուղեկցելով բելառուսահայերի պատվիրակությանը հանդիսավոր շքերթին։ Ավելի ուշ, Գրոդնոյի մարզպետի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների անունից մասնակիցներին ուղղված ողջույնի խոսք է ասել Հայաստանի դեսպանը։ Օլեգ Եսայանը բարձր է գնահատել Բելառուսում բնակվող ազգությունների համերաշխ գոյակցմանը նպատակաուղղված փառատոնի կազմակերպիչների, Բելառուսի իշխանությունների ակտիվ նախաձեռնությունները եւ իր երախտիքը հայտնել նրանց՝ բելառուսահայության հանդեպ ցուցաբերվող ուշադրության համար։ Բելառուսի ազգային միավորումների խորհրդատվական խորհրդի անունից ելույթ է ունեցել խորհրդի նախագահը, Մինսկի հայ համայնքային կազմակերպության ղեկավար Գ. Եղիազարյանը։