Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել է«Հայ արվեստագետը Օսմանյան Եգիպտոսում. Յուհաննա ալ-Արմանին եւ նրա ղպտիական սրբապատկերները» գրքի շնորհանդեսը
16 հունիսի, 2008Ս.թ. հունիսի 12-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել է Կահիրեի ամերիկյան համալսարանի կողմից վերջերս հրատարակված «Հայ արվեստագետը Օսմանյան Եգիպտոսում. Յուհաննա ալ-Արմանին եւ նրա ղպտիական սրբապատկերները» (հեղինակ` Մագդի Գիրգիս) գրքի շնորհանդեսը:
Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Եգիպտոսում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը, ով ընդգծել է, որ Եգիպտոսում տարբեր քրիստոնյա համայնքների` ղպտի, հույն, հայ, իտալացի եւ այլն, մշտական ներկայությունն ու խաղաղ գոյակցությունը այդ երկրում հզորացրել է պետականությունը եւ ձեւավորել բաց ու հանդուրժող հասարակություն: Հայաստանի դեսպանը միաժամանակ շնորհակալություն է հայտնել «Հայկական մշակույթի բարեկամներ» խմբին` այդ աշխատության հրատարակչության մտահղացման համար եւ հույս հայտնել, որ այն կունենա շարունակական բնույթ:
Շնորհանդեսին զուգահեռ տեղի է ունեցել նաեւ հայ արվեստագետի սրբապատկերների ցուցահանդեսը:
Շնորհանդեսին ներկա են եղել Եգիպտոսի պետական գործիչներ, նախարարությունների աշխատակիցներ, օտարերկրյա դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ եւ լրագրողներ: