Կանադայում Հայաստանի դեսպանությունը մասնակցել է «Դռնբաց Օտտավա» համաքաղաքային միջոցառմանը 12 հունիս 2008թ.
12 հունիսի, 2008Ս.թ. հունիսի 7-ին Հայաստանի դեսպանությունը, Օտտավայի քաղաքապետարանի կողմից ՀՀ դեսպանության շենքը Կանադայի մայրաքաղաքի «Ժառանգության ցուցակում» ընդգրկելուց հետո առաջին անգամ մասնակցել է «Դռնբաց Օտտավա» (Doors Open Ottawa) համաքաղաքային միջոցառմանը, որի ընթացքում Օտտավայի բնակիչներին եւ հյուրերին հնարավորություն է տրվում այցելել քաղաքի պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շինությունները:
Միջոցառման պաշտոնական բացումը կատարել է Օտտավայի փոխքաղաքապետ Դայեն Հոլմզը: Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանի դեսպանությանը` Օտտավայի պատմաճարտարապետական ժառանգության պահպանմանն ակտիվորեն մասնակցելու եւ «Դռնբաց Օտտավա» միջոցառման պաշտոնական բացումն ու մամլո ասուլիսը բարձր մակարդակով անցկացնելու համար: