ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը մասնակցել է «ՆԱՏՕ-ն հաջորդ տասնամյակում» խորհրդաժողովին 05 հունիս 2008թ.

05 հունիսի, 2008

Ս.թ. հունիսի 4-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը մասնակցել է «Անվտանգության եւ պաշտպանության օրակարգ (Security and Defence Agenda - SDA)» վերլուծական կազմակերպության կողմից կազմակերպված «ՆԱՏՕ-ն հաջորդ տասնամյակում» խորհրդաժողովին:

Խորհրդաժողովին ելույթներ են ունեցել եւ քննարկումներին մասնակցել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յ. դե Հուպ Սխեֆֆերը, Ռումինիայի արտգործնախարար Լ. Կոմանեսկուն, Բելգիայի պաշտպանության նախարար Պ. դե Կրեմը, ՆԱՏՕ-ում ՌԴ դեսպան Դ. Ռոգոզինը, Եվրոպայում ԱՄՆ պաշտպանության նախարարի ներկայացուցիչ Բ. Վայնրոդը, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամ Բ. Ջենկինը:

Արծարծված թեմաներն էին ՆԱՏՕ-ի գործընկերային շրջանակների ընդլայնումը` դիմակայելու էներգետիկ, կիբեր եւ նավարկության անվտանգության մարտահրավերներին, ՆԱՏՕ-Ռուսաստան փոխհարաբերությունները եւ փոխգործակցությունը, Եվրոպական միության աճող պաշտպանական դերակատարությունը, ԱՄՆ եւ ԵՄ դաշնակցային հարաբերությունների զարգացումը:

Խորհրդաժողովի մասնակիցները եկան այն եզրակացության, որ առաջիկա տասնամյակում ՆԱՏՕ-ի դերակատարությունն աճելու է եւ նրա օրակարգում հայտնվելու են նոր հրատապ խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջելու, իսկ մի շարք մարտահրավերներին արդյունավետ դիմակայում հնարավոր կլինի միայն ՆԱՏՕ-ՌԴ նպատակամետ համագործակցության միջոցով:

Անդրադառնալով ՆԱՏՕ-ԵՄ փոխգործակցությանը` նշվեց, որ հիմնական խնդրահարույց խոչընդոտ է շարունակում մնալ Թուրքիայի դիրքորոշումը` կապված Կիպրոսի հարցի հետ, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակելու է Միացյալ Նահանգների համար մնալ առաջնային եվրատլանտյան անվտանգության կառույց:
Տպել էջը