Ավստրիայում տեղի է ունեցել Հայաստանի առաջին Հանրապետության 90-ամյակին նվիրված միջոցառում 05 հունիս 2008թ.

05 հունիսի, 2008

Հունիսի 1-ին Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը եւ Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը դեսպանատան պարտեզում կազմակերպել են ընդունելություն` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 90-ամյա տարելիցին:

Ողջյունի խոսքով ներկաներին է դիմել Ավստրիայում, Հունգարիայում, Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ջիվան Թաբիբյանը:

Նրանք կարեւորել են Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակությունն ու խորհուրդը հայ ժողովրդի պետականության կերտման ճանապարհին: Դեսպան Հովակիմյանը մասնավորապես նշել է, որ նման միջոցառման կազմակերպումը նպատակ ունի ոչ միայն Մայիսի 28-ի պատմական իրադարձության միասին նշումը, այլեւ դեսպանության եւ հայ համայնքների միջեւ համագործակցության խորացումը, ինչպես նաեւ միջհամայնքային կապերի սերտացումը:

Միջոցառումը կազմակերպվել էր որպես «Բաց դռների օր» Ավստրիայում, Հունգարիայում, Չեխիայում եւ Սլովակիայում բնակվող մեր հայրենակիցների համար:

Ընդունելությանը ներկա էին 300-ից ավելի հայեր, այդ թվում` Հայ Առաքելական եկեղեցու եւ Վիեննայի Մխիթարյան միաբանության ներկայացուցիչներ, համայնքի վարչության եւ համայնքային տարբեր կազմակերպությունների ղեկավար անդամներ, բազմաթիվ անհատներ նշված երկրներից:
Տպել էջը