Ռումինիայում տեղի են ունեցել Հայաստանի Առաջին Հանրապետության 90-ամյակին նվիրված միջոցառումներ   03 հունիս 2008թ.

03 հունիսի, 2008

Ռումինիայում տեղի են ունեցել միջոցառումներ Հայաստանի մայիսյան հերոսամարտերի եւ Առաջին Հանրապետության 90-ամյակի առիթով:

Մայիսի 25-ին Բուխարեստի հայոց եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ եւ կատարվել ոգեկոչման արարողություն:

Մայիսի 29-ին Բուխարեստի Ջորջե Կոշբուկի անվան ազգային քոլեջի (Colegiul National George Cosbuc) ցուցասրահում տեղի է ունեցել 1918թ. հայոց հերոսամարտերի եւ հայկական առաջին հանրապետության ղեկավարների մասին լուսանկարչական ցուցահանդեսի բացում, որի խորհրդանշական ժապավենը կտրել են Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը եւ քոլեջի տնօրեն Իլինկա Բուչիուն (Ilinca Buciu):

Ցուցահանդեսի բացմանը հաջորդել է թեմատիկ ցերեկույթ` տեսանյութերի ցուցադրությամբ, որը վարել է քոլեջի պատմության ամբիոնի ղեկավար Իոսիֆ Մոգոշը (Iosif Mogos): Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը ելույթ է ունեցել ցուցահանդեսի բացմանը եւ ցերեկույթին:

Ելույթ են ունեցել նաեւ Ռումինիայի հայոց միության գլխավոր քարտուղար Պերճ Մարգարյանը, հայկական «Արարարատ» եւ «Նոր Կյանք» թերթերի խմբագիր Միքայել Ստեփան-Գազազյանը, հայագետ Ֆրանչեսկա Բալտաչեանուն (Francesca Baltaceanu): Ներկա է եղել Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տիրայր Արքեպիսկոպոս Մարտիկյանը:

Մայիսի 30-ին Ռումինիայի հայոց միության ակումբում տեղի է ունեցել երեկույթ` նվիրված Հայաստանի մայիսյան հերոսամարտերի եւ Առաջին Հանրապետության 90-ամյակին: Միջոցառմանը ելույթ են ունեցել Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը, «Արարարատ» եւ «Նոր Կյանք» թերթերի խմբագիր Միքայել Ստեփան-Գազազյանը, որից հետո ներկաները դիտել են Հայաստանի վերաբերյալ վավերագրական ֆիլմ:
Տպել էջը