Աթենքում տեղի է ունեցել Հայաստանի առաջին Հանրապետության 90-ամյակին նվիրված միջոցառում 03 հունիս 2008թ.
03 հունիսի, 2008Հունիսի 1-ին Աթենքի «Հորն» թատերասրահում տեղի է ունեցել Հայաստանի առաջին Հանրապետության 90-ամյակին նվիրված տոնակատարություն: Միջոցառմանը որպես բանախոս հրավիրված է եղել Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը: «Երկու տարվա պատմություն ունեցած հանրապետությունը դիմակայեց այնպիսի մեծ դժվարությունների, որպիսիք որեւէ այլ ազգ, որեւէ այլ պետություն չի ունենա: Միեւնույն ժամանակ, սակայն, առաջադիմական քայլերի դիմեց` ստեղծելով պետություն, ստեղծելով բանակ, համալսարան, պատերազմելով թշնամու դեմ», - նշել է դեսպան Կաժոյանը:

Վահան Հովհաննիսյանն իր ելույթում մեծապես կարեւորելով Հայաստան Հանրապետության ստեղծման գործում առաջին հանրապետության դերը` մասնավորապես նշել է. «այսօր մենք պետք է հասկանանք, որ եթե չլինէր այն խարիսխը, եթե այն հույսը չլիներ, որ Հայաստանը մի օր վերադառնալու է Մայիսի 28-ի ակունքներին, որեւէ պատճառ, որեւէ շարժառիթ, որեւէ անհրաժեշտություն Սփյուռքում հայ մնալու մասին մենք չէինք ունենա. կձուլվեինք, կոտնահարվեինք, ասիմիլացիայի կենթարկվեինք, ինչպես եղավ բազմաթիվ այլ ժողովուրդների հետ: Այդ խարիսխը Մայիսի 28-ին ստեղծել է հայ ժողովուրդը՝ իր հերոսությամբ, ապրելու կամքով ու վճռականությամբ:
Միջոցառմանը մասնակցում էին հունահայ կրոնական դասի, համայնքային կազմակերպությունների եւ հունական տեղական մարմինների ներկայացուցիչներ:
Տոնակատարությանն իրենց կատարումներով հանդես եկան Համազգայինի «Հակոբ Փափազյան» երգչախումբը եւ «Նաիրի» պարախումբը: