ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը Ստոկհոլմում մասնակցել է Իրաքի վերաբերյալ միջազգային պայմանագրիտարեկան գնահատման կոնֆերանսին 03 հունիս 2008թ.

03 հունիսի, 2008

Ս.թ. մայիսի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի եւ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի նախագահությամբ Ստոկհոլմում կայացել է Իրաքի վերաբերյալ միջազգային պայմանագրի տարեկան գնահատման կոնֆերանս, որին մասնակցել են մոտ 100 պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանի պատվիրակությունը կոնֆերանսին գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը:

Իրաքի վերաբերյալ միջազգային պայմանագիրը Իրաքի եւ միջազգային հանրության միջեւ հնգամյա գործընկերության ծրագիր է, որը կնքվել է 2007թ. մայիսի 3-ին Շարմ Էլ Շեյխում (Եգիպտոս): Ստոկհոլմի կոնֆերանսին Իրաքի կառավարությունը ներկայացրել է վերջին տարվա ընթացքում արձանագրված քաղաքական, տնտեսական, անվտանգության ուղղությամբ ձեռքբերումները, նաեւ երկրում կայունության վերահաստատմանն ու ազգային հաշտության վերականգնմանը միտված քայլերը:

Կոնֆերանսին մասնակից երկրներն ու միջազգային կազմակերպությունները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը աջակցելու միավորված, դաշնային եւ ժողովրդավարական Իրաքի կայացմանը: Կոնֆերանսի ավարտին մասնակիցները միաձայն ընդունել են Ստոկհոլմի հռչակագիրը: Որոշում է ընդունվել տարեկան գնահատման հաջորդ գիտաժողովը հրավիրել 2009թ. Բաղդադում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը կոնֆերանսի շրջանակներում ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ:
Տպել էջը