Բելոռուսում կայացել է «Ճանապարհորդություն Հայաստանով» խորագրով լուսանկարների ցուցահանդես 03 հունիս 2008թ.
03 հունիսի, 2008Ս.թ. հունիսի 1-ին Բելառուսի երաժշտության պետական ակադեմիայի դահլիճում բացվել է բելառուսաբնակ Աննա Աթոյանի «Ճանապարհորդություն Հայաստանով» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որին հաջորդել է ակադեմիայի սաների եւ Մինսկի «Էրեբունի» պարի ազգագրական համույթի համերգը՝ նվիրված Հայաստանի եւ Բելառուսի Հանրապետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյա հոբելյանին։
Հանդիսությունները կազմակերպվել էին Բելառուսում Հայաստանի դեսպանության, Բելառուսի երաժշտության պետական ակադեմիայի եւ հայաստանյան «ՈՒնիէկոֆոր» ՍՊԸ-ի համատեղ ուժերով։ Միջոցառմանը ներկա էին Բելառուսի առաջին փոխարտգործնախարարը եւ նախարարության այլ պաշտոնյաներ, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Բելառուսի հասարակության եւ բելառուսահայերի մեծ բազմություն։