Կիպրոսի Լառնակա քաղաքում բացվել է Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձան 2 հունիս 2008թ. Ս.թ. մայիսի 28-ին Կի
02 հունիսի, 2008Ս.թ. մայիսի 28-ին Կիպրոսի Լառնակա քաղաքում կայացավ 1915թ. Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանի բացման արարողությունը:
Հուշարձանի պաշտոնական բացումը կատարվեց Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրի Խրիստոֆիասի կողմից: Իր խոսքում Կիպրոսի նախագահը նշեց, որ հուշարձանի կառուցման համար տեղի ընտրությունը պատահական չէր. եղեռնից մազապուրծ առաջին հայ գաղթականները ոտք են դրել կիպրական հողի վրա` Լառնակայի նավահանգստի մոտ: Հայերը` Կիպրոսի մյուս կրոնական խմբերի` լատինների ու մարոնիտների հետ, այսօր վայելում են Կիպրոսի քաղաքացու բոլոր իրավունքները:
Հայերը հանդես են եկել բազմաթիվ նախաձեռնություններով, մասնավորապես Կիպրահայ համայնքի խորհրդարանական ներկայացուցիչ Արամ Քալայջյանի նախաձեռնությամբ 1982 թ. Կիպրոսի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց 1915 թվականի հայոց մեծ եղեռնը: Այսօր բացվելիք հուշարձանի մտահղացումը պատկանում է Պետրոս Քալայջյանին, որը նույնպես զբաղեցրել է Կիպրահայ համայնքի խորհրդարանական ներկայացուցչի պաշտոնը:
Նախագահը տեղեկացրեց, որ հուշարձանի կառուցումը հնարավոր է դարձել Հայաստանի եւ Կիպրոսի կառավարությունների համաձայնության արդյունքում: Հուշարձանի հետ կապված ծախսերը հոգացել է Կիպրոսի Կառավարությունը, հուշարձանի պատվանդանի չորս լեզուներով գրանիտե հուշատախտակները` Հայաստանի կառավարության նվերն են, հուշարձանի մերձակա հրապարակն անվանվել է Հայոց եղեռնի զոհերի հուշարձանի հրապարակ, որի կառուցումը ֆինանսավորվելէ Քալայջյան հիմնադրամի կողմից: Հուշարձանի քանդակագործն է Գեորգիոս Կալակալան, համալիրի գլխավոր ճարտարապետն է Անգելոս Դիմիտրիուն, նախագծի վերահսկող ճարտաապետ Միխալիս Թրասուն:
Լառնակայի քաղաքապետ Անդրեաս Մոիսեոսը նշեց, որ իրենց հայրենիքը կորցրած հայ գաղթականները հաստատվելով Լառնակայում` այստեղ գտել են իրենց երկրորդ հայրենիքը: Այսօր հայերը Կիպրոսում զբաղվում են առեւտրա-արդյունաբերական, շինարարական, մշակութային եւ այլ բնույթի գործունեությամբ:
Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանն (նստավայրն` Աթենք) իր խոսքում նշեց, որ 93 տարի առաջ հայ ժողովուրդը մայիսյան այս օրերին ապրում էր իր կյանքի մեծագույն ողբերգությունը` ապրիլի 24-ին սկսված մեծ եղեռնը: Իսկ 90 տարի առաջ այս օրը` մայիսի 28-ին հայ ժողովուրդը ցնծության մեջ էր` 700 տարի անկախություն չունենալուց հետո, հայ ժողովուրդը վերագտավ իր պետականությունը. Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում թուրքական բանակի հանդեպ տարած պատմական հաղթանակներից հետո հաստատվեց հայկական առաջին հանրապետությունը: Հայ ժողովրդին դեռեւս վիճակված էին բազմաթիվ հաղթանակներ ու դժվարություններ, առաջընթաց ու խոչընդոտներ: Սակայն մենք կարողացանք հաղթահարել այդ դժվարությունները նաեւ մեր բարեկամների օգնությամբ: Այդ բարեկամների առաջին շարքերում է եղել Կիպրոսի Հանրապետությունը, որը ոչ միայն հյուրընկալել է եղեռնից փրկված հայ ժողովրդի զավակներին, այլեւ 1982 թ. պաշտոնապես ճանաչել է 1915 թվականի հայոց մեծ եղեռնը` դառնալով հայոց ցեղասպանությունը ճանաչած աշխարհի երկրորդ երկիրը եւ եվրոպական առաջին պետությունը:
Դեսպանը շնորհակալության հայտնեց Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրի Խրիստոֆիասին, Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Կարոյանին, Կրթության ու մշակույթի նախարարությանը, Լառնակայի քաղաքապետ Անդրեաս Մոիսեոսին եւ քաղաքապետարանի ծառայություններին, որոնց համատեղ ջանքերով հնարավոր եղավ նման մեծ նախագծի իրագործումը:
Ողջույնի խոսքերից հետո Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրի Խրիստոֆիասն ու ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը կատարեցին հուշարձանի բացումը, որն ընդունվեց մեծ ցնծությամբ: