Նախարար Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ 31 մայիս 2008թ. Մայիսի 30-ին Մոսկվ
31 մայիսի, 2008Մայիսի 30-ին Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր Ռուսաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:
Երկու նախարարների առնձնազրույցից հետո, հանդիպումը շարունակվեց պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Ռուսաստան բազմաբովանդակ երկկողմ հարաբերությունների խորացման ու ամրապնդմանն առնչվող հարցեր:
Երկուստեք գոհունակություն հայտնվեց մեր երկրների դաշնակցային հարաբերություններով եւ ռազմավարական գործընկերությամբ: Նշվեց քաղաքական երկխոսության, տնտեսական, մշակութային եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության սրընթաց աճը: Նախարար Նալբանդյանը ընգծեց, որ Ռուսաստանի հետ մեր առանձնահատուկ ռազմավարական գործընկերությունը բոլոր ուղղություններով կշարունակվի ամրապնդվել, հիմնվելով մեր ժողովուրդների ավանդական կապերի վրա:
Մանրամասն անդրադարձ կատարվեց միջազգային բեմահարթակում Հայաստանի եւ Ռուսաստանի փոխգործակցությանը, Անկախ պետությունների համագործակցության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում համատեղ աշխատանքին եւ միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների եւ տեսակետների համակարգմանն ուղղված քայլերին:
Զրուցակիցները քննարկեցին նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի հավատարմությունը խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու եւ բանակցային գործընթացը Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա շարունակելու պատրաստակամությունը:
Կողմերն անդրադարձան նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության եւ կայունության խնդիրներին:
Հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս, որի ժամանակ նախարարները լրագրողներին ներկայացրեցին քննարկված հարցերի շրջանակը եւ բանակցությունների արդյունքները, պատասխանեցին լրագրողների հարցերին:
Այնուհետեւ Ռուսաստանի արտգործնախարարը պաշտոնական ճաշ տվեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատվին:
Վաղը` մայիսի 31-ին, նախարար Նալբանդյանը կշարունակի հանդիպումները Մոսկվայում: