ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը հանդիպեց Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Իվա Սրեյբերի հետ 29 մայիս 2008թ.
29 մայիսի, 2008Ս.թ. մայիսի 29-ի ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը հանդիպեց Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Իվա Սրեյբերի հետ: Հանդիպման ընթացքում տիկին Սրեյբերն անդրադարձավ Հայաստանի հետ Եվրոպական ներդրումային բանկի համագործակցության առաջին քայլերին, որոնք հնարավոր դարձան ԵՆԲ եւ ՀՀ ֆինանսների նախարարության միջեւ շրջանակային համաձայնագրի կնքումից հետո:
Ներկայացնելով Եվրոպական ներդրումային բանկի գործունեությունը` տիկին Սրեյբերը հույս հայտնեց, որ մոտ ժամանակներս հնարավոր կլինի Հայաստանի տնտեսության թե հանրային եւ թե մասնավոր հատվածներում ձեռնամուխ լինել մեծածավալ ներդրումային նախագծերի իրականացմանը: Որպես առաջնային ոլորտներ մատնանշվեցին տրանսպորտը, էներգետիկան եւ բնապահպանությունը, որտեղ մեծածավալ վարկերի տրամադրումը կարող է կատարվել Եվրոպական ներդրումային բանկի տեխնիկական փորձաքննության եւ զարգացման բանկերի հետ համագործակցության միջոցով:
Ողջունելով Եվրոպական ներդրումային բանկի մուտքը Հայաստան` ՀՀ փոխարտգործնախարարը կարեւորեց Հայաստանում բանկի գործունեությունը եւ հավաստեց հայկական կողմի շահագրգռվածությունը հաջող համատեղ ծրագրերի իրականացման գործում: