Հայաստանի արտաքին գործերի նախաարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախաարար Սեյրան Օհանյանը մասնակցեցին Հյուսիս-Ատլանտյան խորհրդի նիստին 28 մայիս 2008թ.
28 մայիսի, 2008Ս.թ. մայիսի 28-ին Բրյուսելում գտնվող ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեցին 26+1 (ՆԱՏՕ-ի անդամ երկրներ + Հայաստան) ձեւաչափով Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստին:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների մասնակցությամբ խորհրդի նիստին քննարկվեց Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման գնահատաման փաստաթուղթը:
Ելույթներով հանդես եկան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարար Նալբանդյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանը կարեւորում է ԱԳԳԾ-ն որպես Դաշինքի հետ համագործակցության առաջնորդող ձեւաչափ:
Հայաստանի արտգործնախարարության ղեկավարը ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններին ներկայացրեց Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը` վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումը խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու վերաբերյալ:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, նախարար Նալբանդյանը ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել հարաբերություները իր հարեւանի հետ, ինչը նաեւ բխում է ԱԳԳԾ-ում ամրագրված դրույթներից:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր ելույթում ներկայացրեց պաշտպանության բնագավառում բարեփոխումների ընթացքը, ռազմական անվտանգության ռազմավարական վերանյման ոլորտում ձեռնարկվելիք քայլերը, փոխգործունակ կարողությունների զարգացման ուղղված միջոցառումները: Նախարար Օհանյանը անդրադարձ կատարեց նաեւ պաշտպանական բնագավառի օրենսդրական փոփոխություններին:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները իրենց ելույթներում նշեցին, որ Հայաստանը նախատեսված ժամկետներում կատարել է ԱԳԳԾ-ով համաձայնեցված նպատակները եւ իրենց երկրների անունից պատրաստակամություն հայտնեցին շարունակելու աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացին:
Գնահատման արդյունքների հիման վրա կձեռնարկվեն քայլեր Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ում համապատասխան լրամշակում կատարելու նպատակով:
Հայաստանի պատվիրակութունը հանդիպում ունեցավ նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաոդիո Բիզոնիերոյի հետ:
Մայիսի 29-ին նախարար Նալբանդյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցով երկօրյա այցով կմեկնի Մոսկվա: