ՀՀ ԱԳ նախարարն հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին, ՀՀ-ում Հունաստանի եւ Գերմանիայի դեսպաններին 23 մայիս 2008թ.
23 մայիսի, 2008Ս.թ. մայիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին:
Հանդիպման ժամանակ տկն. Վիդալը շնորհակալությամբ նշեց, որ Հայաստանը հանդիսանում է ՄԱԿ-ի ակտիվ անդամ եւ իր դրական ներդրումն է բերում կազմակերպության աշխատանքներին: Նա ավելացրեց, որ ՀՀ իշխանությունների եւ երկրում գործող ՄԱԿ-ի 12 մասնագիտացված գործակալությունների միջեւ սերտ ու կառուցողական համագործակցություն է հաստատվել եւ պատրաստակամություն հայտնեց այն շարունակելու նորաստեղծ կառավարության հետ: Նա ավելացրեց, որ այս տարի այդ գործակալությունների կողմից հանրապետությունում իրականացվող դրամաշնորհայիին ծրագրերը մոտ 19մլն դոլար են կազմում:
ՄԱԿ-ի մշտական համակարգողը արձանագրեց, որ ՀՀ ԱԳՆ-ն, որպես ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հիմնական գործընկեր, իր ներդրումն է բերել առկա համագործակցությունն առավել ամրապնդելու գործում:
Նախարար Նալբանդյանն իր գոհունակությունը հայտնեց ծավալված համագործակցությամբ եւ վստահեցրեց, որ հայկական կողմը կշարունակի ավելի խորացնել — ընդարձակել այն` հատկապես հաշվի առնելով առաջիկա քննարկումները 2010-2014թթ.-ի ՄԱԿ-ի երկրի զարգացման ծրագրի մշակման շուրջ:
Հունաստանի դեսպան Իոանիս Կորինթիոսի(Ioannis Korinthios) հետ հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերությունների մակարդակը: Նշեց, որ մեծ ներուժ կա երկու երկրների համագործակցության զարգացման համար, ինչին նպաստում են փոխայցելություններն ու ակտիվ քաղաքական երկխոսությունը:
Դեսպան Կորինթիոսն ընդգծեց միջազգային կազմակերպություններում Հայաստան-Հունաստան համագործակցության արդյունավետությունը, նշեց նաեւ, որ գործակցությունը բավական զարգացած է կրթության ոլորտում:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին:
Ս. թ. մայիսի 23-ին ԱԳ նախարարն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան տկն. Անդրեա Յոանա-Մարիա Վիկտորինին (Andrea Joana-Maria Viktorin):
Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների մակարդակը:
Իր հերթին դեսպան տկն. Վիկտորինը, նշելով, որ Գերմանիան Հայաստանին վերաբերվում է առանձնահատուկ ջերմությամբ, կարեւորեց Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության խորացումը:
Զրուցակիցները քննարկեցին նաեւ երկկողմ համագործակցության կոնկրետ ոլորտներին, ինչպես նաեւ ՀՀ ԱԳ նախարարի Գերմանիա կատարելիք առաջիկա այցին առնչվող հարցեր:
Անդրադարձան եղավ տարածաշրջանային խնդիրներին, հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին: