ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀայաստանումԼատվիայի դեսպան Այվարս Վովերսին 21 մայիս 2008թ.
21 մայիսի, 2008Ս.թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լատվիայի դեսպան Այվարս Վովերսին (Aivars Vovers)` վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով դեսպանին ծառայության վեց տարիների ընթացքում Հայաստանի եւ Լատվիայի հարաբերությունները զարգացնելու համար, նշեց, որ երկու երկրների միջեւ հաստատված է բարձր մակարդակի երկխոսություն, գոյություն ունի իրավապայմանագրային դաշտ, սակայն ներուժ կա այն ընդլայնելու եւ համագործակցությունն ավելի խորացնելու, հատկապես` տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի եւ տուրիզմի բնագավառներում: ՀՀ ԱԳՆ ղեկավարը հետաքրքրվածություն հայտնեց ուսումնասիրել Լատվիայի եւ բալթյան մյուս երկրների եվրոպական ինտեգրման փորձը եւ այդ ուղղությամբ համագործակցության քայլեր ձեռնարկել:
Դեսպան Վովերսը, երախտագիտություն հայտնելով նախարար Նալբանդյանին, ընդգծեց, որ վերջին տարիներին Հայաստանի շոշափելի զարգացման հետ զուգահեռ զարգացել են նաեւ տարբեր բանագավառներում երկկողմ հարաբերությունները, մասնավորապես. արդյունավետորեն համագործակցում են Հայաստանի եւ Լատվիայի պետական կառավարման մարմինները, Երեւանում բացվել է Լատվիայի պատվո հյուպատոսություն, Հայաստանում գործում է լատվիական խոշոր բանկերից մեկը, բացվել է Ռիգա-Երեւան ուղիղ չվերթ, աշխուժանում են գործարար կապերը: