ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եգիպտոսի ԱԳ նախարարի տեղակալ Ռամզի էզզ էդդին Ռամզիի հետ 16 մայիս 2008թ.

16 մայիսի, 2008

Ս.թ. մայիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եգիպտոսի նախարարի տեղակալ Ռամզի էզզ էդդին Ռամզիի հետ:



Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ հայ-եգիպտական ավանդաբար ջերմ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ Հայաստանի իշխանությունները մտադրված են շարունակել արաբական աշխարհի եւ Եգիպտոսի հետ համագործակցության հետագա խորացումը:

Եգիպտոսի ԱԳ փոխնախարարը, փոխանցելով նախարար Ահմեդ Աբուլ Ղեյտի անձնական ողջույնները, նշեց, որ իր երկիրը բարձր է գնահատում բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: Նա նաեւ ներկայացրեց ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի ծրագրերը եւ այդ շրջանակներում Հայաստանի հետ հետագա գործակցության ծրագրերը:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ մոտ ժամանակներում Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմի ձեւավորմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերին, մասնավորապես` մերձավորարեւելյան տարածաշրջանի խնդիրներին եւ ԼՂ հակամարտության կարգավորմանը:
Տպել էջը