Վիետնամում Հայաստանի նորանշանակ դեսպան Վահագն Մովսիսյանը իր հավատարմագրերն է հանձնել Վիետնամի նախագահ Նգույեն Մին Տրիետին 12 մայիս 2008թ.
12 մայիսի, 2008Մայիսի 8-ին Հանոյում Վիետնամի Հայաստանի նորանշանակ դեսպան Վահագն Մովսիսյանը (նստավայրը` Պեկին) իր հավատարմագրերն է հանձնել Վիետնամի նախագահ Նգույեն Մին Տրիետին: Հավատարմագրերի արարողությունից հետո նշվել է, որ Հայաստանը եւ Վիետնամը ավանդապես եղել են բարեկամական երկրներ, իսկ հայ ու վիետնամական ժողովուրդները միշտ ունեցել են միմյանց նկատմամբ լավ վերաբերմունք:
Վիետնամական կողմը շեշտել է վիետնամական ժողովրդի համար ծանր ժամանակներում հայ ժողովրդի ցուցաբերած օգնության փաստը: Միաժամանակ կողմերը կարեւորել են վերջին ժամանակաշրջանում որոշակի դադարից հետո երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերություններին նոր թափ ու լիցքեր հաղորդելու անհրաժեշտությունը, ինչին այսուհետ պետք է ուղղված լինի Հայաստանի նորանշանակ դեսպանի գործունեությունը: Հանդիպման վերջում Վիետնամի նախագահը խնդրել է հայկական կողմին փոխանցել իր մաղթանքները Հայաստանի նախագահին:
Վիետնամ կատարած այցի ընթացքում դեսպան Մովսիսյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Վիետնամի փոխվարչապետ, ԱԳ նախարար Փամ Գիա Խիեմի, արդյունաբերության եւ առւետրի նախարար Վու Հու Հոանի, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Հոան Վան Փոնի եւ մշակույթի, սպորտի եւ զբոսաշրջության նախարար Հոան Տուան Անի հետ:
Ձեռք են բերվել նաեւ գործնական պայմանավորվածություններ` Հայաստանի եւ Վիետնամի միջեւ միջպետական շփումները բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների մակարդակում ակտիվացնելու, հայ-վիետնամական բիզնես-ֆորում գումարելու եւ Հայաստանի հետ գիտատեխնիկական համագործակցության ծավալման նպատակով Վիետնամի գիտության եւ տեխնոլոգիաների նախարարության փորձագետների խումբ Հայաստան գործուղելու մասին: