Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսելեն ընդունեց ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանին 09 մայիս 2008թ.
11 մայիսի, 2008Ս.թ. մայիսի 9-ին Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսելեն (Christian Poncelet) Լյուքսեմբուրգյան պալատում ընդունեց պաշտոնական այցով Փարիզում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Հանդիպումն անցավ առանձնահատուկ ջերմ եւ անկեղծ մթնոլորտում: Սենատի նախագահը, ջերմորեն շնորհավորելով Է. Նալբանդյանին նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ, բարձր գնահատեց որպես դեսպան նրա գործունեությունը հայ-ֆրանսիական հարաբերությունների սերտացման, երկու ժողովուրդների առավել մերձեցման ուղղությամբ:
Է. Նալբանդյանը հայտնեց, որ իր համար մեծ պատիվ է եղել այս տարիներին ներկայացնել Հայաստանը Ֆրանսիայում, երկիր, որը Հայաստանի անկախության առաջին իսկ օրերից հավատարիմ բարեկամի նման կանգնած է եղել նրա կողքին եւ որի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եվրոպական եւ միջազգային մակարդակներում ծավալվում է ամենասերտ համագործակցություն: Այդ առումով ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Սենատի նախագահին այն նախաձեռնությունների եւ պատրաստակամության համար, որ նա անձամբ ցուցաբերել է Հայաստանի հետ խորհրդարանական եւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության խորացման, ինչպես նաեւ Հարավային Կովկասում տեւական կայունության եւ համագործակցության հաստատման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում Է. Նալբանդյանը Սենատի նախագահին ներկայացրեց նախագահական ընտրությունների արդյունքում Հայաստանի խորհրդարանական կուսակցություններից կազմված լայն կոալիցիոն կառավարության գործունեության առանցքային ուղղությունները, ինչպես նաեւ Հայաստանի ղեկավարության տեսակետները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի վերաբերյալ:
Նույն օրը Ֆրանսիայում դիվանագիտական կորպուսի դուայեն, պապական նվիրակ մոնսենյոր Ֆորտունատո Բալդելին (Mgr. Fortunato Baldelli) դիվանագիտական կորպուսի անունից հրաժեշտի ճաշ տվեց Է. Նալբանդյանի պատվին:
Երեկոյան Է. Նալբանդյանը հանդիպեց նաեւ «Պոլիտիկ ինտերնասիոնալ» (Politique Internationale) հեղինակավոր հանդեսի հիմնադիր տնօրեն Պատրիկ Վաժմանի (Patrick Vajsman) հետ:
: