ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակում էշնորհավորական ուղերձներ ստանալ 08 մայիս 2008թ. ՀՀ ԱԳ

08 մայիսի, 2008

ՀՀ ԱԳ նախարարը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետական քարուտուղար Քոնդոլիզա Ռայսը: Պետքարտուղար Ռայսի նամակում ասվում է. «Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ: Անհամբեր սպասում եմ հանդիպմանը Ձեզ հետ եւ հուսով եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կամրապնդենք մեր երկրների միջեւ բարեկամությունը: Մենք բավական աշխատանք ունենք տանելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վերջնական ձեւակերպման, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունները կարգավորելու գործում Հայաստանին օգնելու ուղղությամբ: Մենք նաեւ հուսով ենք, որ Հայաստանը վճռական քայլեր կձեռնարկի ժողովրդավարական բարեփոխումներին նոր թափ հաղորդելու եւ քաղաքացիական ազատությունները վերականգնելու համար, որոնք ընդհանուր արժեքներ են` դրված մեր երկրների հարաբերությունների հիմքում»:
Նախարար Նալբանդյանին շնորհավորել են նաեւ Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի եւ միջազգային հարցերի դաշնային նախարար Ուրսուլա Պլասնիկը, Սլովակիայի ԱԳ նախարար Յան Կուբիշը, Շվեյցարիայի արտգործնախարար Միշել Կալմի-Ռեյը, Չիլիի ԱԳ նախարար Ալեխանդրո Ֆոլքսեյը, Հունգարիայի արտգործնախարար Քինգա Գյոնցը, Կորեայի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Յու Մյունգ-հվանը, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսը:

Էդվարդ Նալբանդյանին շնորհավորել է նաեւ Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան: Համաարաբական կազմակերպության ղեկավարի նամակում մասնավորապես նշվում է. «Ես համոզված եմ, որ Ձեր քաղաքական փորձը եւ անձնական որակները լավագույնս թույլ կտան կատարելու այն պարտականությունները, որոնք դրվել են Ձեր ուսերին` Ձեզ վստահելով հայկական դիվանգիտության ղեկավարի պաշտոնը: Օգտվելով առիթից` ցանկանում եմ վերահաստատել այն կարեւորությունը, որ մենք տալիս ենք Արաբական աշխարհի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններին»:
Տպել էջը