ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ «ՀՀ միգրացիոն կառավարման ուսումնասիրություն» գնահատման զեկույցի հիմնական դրույթների քննարկում 08 մայիս 2008թ. \

08 մայիսի, 2008

Ս.թ. մայիսի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը եւ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը կազմակերպել էին «ՀՀ միգրացիոն կառավարման ուսումնասիրություն» գնահատման զեկույցի հիմնական դրույթների կլոր-սեղան քննարկում ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:



Հայաստանում միգրացիայի կառավարման գնահատումը իրականացվել է ՀՀ կառավարության խնդրանքով` Շվեդական միգրացիոն խորհրդի եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից` Հարավային Կովկասի երկրների եւ Եվրամիության անդամ պետությունների «Խմբային գործընթացի» շրջանակներում:



Գնահատման ընթացքում ուշադրություն է դարձվել միգրացիայի ոլորտում գործող քաղաքականությանը, առկա իրավական դաշտին, կարգավորիչ մեխանիզմներին, կառույցներին ու նրանց գործառույթներին, տեխնիկական հզորություններին եւ հագեցվածության աստիճանին: Ուսումնասիրության նպատակն էր վեր հանել միգրացիայի կառավարման ոլորտում առկա բացերը եւ առաջարկներ ներկայացնել այն բարելավելու ուղղությամբ` հաշվի առնելով միգրացիոն հոսքերի եւ միտումների տարեցտարի գրանցվող փոփոխությունները: Նման փոփոխությունները հնարվորություն կտան առավել արդյունավետ կերպով լուծել Հայաստանի առջեւ ծառացած միգրացիոն խնդիրները: Գնահատումը օգտագործվելու է որպես առաջնային վերլուծական ուսումնասիրություն, որն ուղեցույց կհանդիսանա ԵՄ նոր հարեւանության շրջանակներում առաջադրված ՀՀ միգրացիոն ռազմավարության մշակման համար:

Հանդիպման ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում ուսումնասիրության դրույթների եւ բերված առաջարկությունների շուրջ, մասնավորապես` միգրացիոն քաղաքականության մշակման, մուտքի արտոնագրերի եւ դրանց տրամադրման տրամադրման ընթացակարգերի, միգրացիայի հարցերով զբաղվող մարմինների գործառույթների հստակեցման անհրաժեշտության եւ նրանց միջեւ գործուն համագործակցություն ծավալելու հարցերի շուրջ: Բուն գնահատման հրապարակումից հետո ակնկալվում է նրա առանձին բաժինների մանրամասն քննարկում:

Տպել էջը