ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրում հանդիպեց Նիդեռլանդների եվրոպական հարցերով նախարար Ֆ
08 մայիսի, 2008Ս.թ. մայիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Լիխտենշտեյնի ԱԳ նախարար Ռիտա Կիբեր-Բեկը (Rita KIEBER-BECK) Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում Արձանագրություն ստորագրեցին Հայաստանի Հանրապետության եւ Լիխտենշտեյնի Իշխանապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Արարողությունից հետո կայացած առանձնազրույցում նախարարները պատրաստակամություն հայտնեցին միջպետական կապերը զարգացնել եւ համագործակցություն ծավալել երկկողմ եւ միջազգային մակարդակներում, տնտեսության, մշակույթի եւ գիտության ոլորտներում:
Լիխտենշտեյնի Իշխանապետությունը գտնվում է Շվեյցարիայի եւ Ավստրիայի միջեւ: Մայրաքաղաքն է Վադուզը, պետական լեզուն` գերմաներենը: Միապետ իշխանը Հանս Ադամ Երկրորդն է (HANS ADAM II), վարչապետը` Օտմար Հասլերը (Otmar HASLER): Լիխտենշտեյնի տնտեսության հիմնական ոլորտներն են զարգացած արդյունաբերությունը, մասնավորապես քիմիական, դեղագործական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային եւ ապահովագրական ոլորտները, տուրիզմը եւ ավանդական գյուղմթերքների արտադրությունը:
Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպեց Նիդեռլանդների եվրոպական հարցերով նախարար Ֆրանս Թիմերմանսի (Frans Timmermans) հետ, որի ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր: Հանդիպումն անցավ ջերմ եւ գործնական մթնոլորտում: Երկուստեք նշվեց, որ թեեւ առկա կապերին, երկու երկրների հարաբերությունները կարիք են զգում լրացուցիչ խթանների եւ այդ առումով օգտակար կլիներ առաջիկայում ակտիվացնել փոխշփումները եւ փոխայցելությունները:
ՀՀ ԱԳ նախարարն իր հոլանդացի գործընկերոջը ներկայացրեց նախագահական ընտրությունների արդյունքում կոալիցիոն ուժերից ձեւավորված Հայաստանի կառավարության ծրագրային առաջնահերթությունները, որոնց մեջ կարեւոր տեղ են զբաղեցնում եվրոպական կառույցների հետ համագործակցության խորացումը, ինչպես նաեւ արտաքին տնտեսական կապերի ակտիվացումը: Այս առումով նախարարները քննարկեցին Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում հոլանդական կապիտալի ներգրավման հնարավորությունների հետ կապված հարցեր` հատկապես գյուղատնտեսության, կապի եւ տրանսպորտի ոլորտներում: