ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑԱՎ ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ԹՈՄԱՍ ՀԱՄԱՐԲԵՐԳԻ ԵՎ ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԺԱՆ-ՊՈԼ ԿՈՍՏԱՅԻ Հ
08 մայիսի, 2008Ս.թ. մայիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպումներ ունեցավ Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի (Tomas Hammarberg), այնուհետեւ` ԵԽ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Ժան-Պոլ Կոստայի (Jean-Paul Costa) հետ:
Թ. Համարբերգի հետ հանդիպմանը Է. Նալբանդյանը, գոհունակություն հայտնելով մարդու իրավունքների հարցով ԵԽ-ի, մասնավորապես Մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցության մակարդակից, նշեց, որ ՀՀ կառավարությունը ուշադրությամբ է մոտենում ս.թ. մարտի 14-16-ին հանձնակատարի Հայաստան կատարած այցի ընթացքում վերջինիս կողմից ներկայացված առաջարկներին եւ նկատի է առնում դրանք:
Նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ ԵԽԽՎ 1609 բանաձեւում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով։ Խմբին հանձնարարված է կարճ ժամկետում առաջարկություններ ներկայացնել առաջիկա քայլերի մասին։ Հարցի կապակցությամբ Հայաստանի քաղաքական կոալիցիան նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պատրաստակամություն է հայտնում հետեւողականորեն իրագործելու նախընտրական ծրագրերում, կոալիցիոն համաձայնագրում, կառավարության գործունեության ծրագրում եւ ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւում ամրագրված խնդիրների լուծմանն ուղղված բարեփոխումները:
ԵԽ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Ժան-Պոլ Կոստայի հետ հանդիպմանը նախարար Նալբանդյանը վերահաստատեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել եւ խորացնել իր համագործակցությունը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հետ: Անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ արձանագրությանը, որն ընդունվել է դատարանին լրացուցիչ դատավարական միջոցներով եւ ճկունությամբ օժտելու, դիմումները խելամիտ ժամկետներում քննարկելու եւ կարեւոր գործերի վրա քննությունը կենտրոնացնելու հնարավորություն ստեղծելու նպատակով, Է. Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանն առաջին երկրների շարքում է, որ վավերացրել է 14-րդ արձանագրությունը եւ կարեւորում է արձանագրության շուտափույթ ուժի մեջ մտնելը: