ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը Փարիզում հանդիպեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշների հետ 07 մայիս 2008թ. Ս.

07 մայիսի, 2008

Ս.թ. մայիսի 5-ին Փարիզում կայացավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆրանսիայի ԱԳ եւ եվրոպական համագործակցության հարցերով նախարար Բեռնար Կուշների (Bernard Kouchner) առաջին պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հանդիպումն անցավ առանձնահատուկ ջերմ մթնոլորտում: Շնորհավորելով Է. Նալբանդյանին նշանակման կապակցությամբ եւ կարեւորելով Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նրա ավանդը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում, Բ. Կուշները վստահություն հայտնեց, որ նա կշարունակի գործել երկու երկրների մերձեցման ուղղությամբ: Իր հերթին Է. Նալբանդյանը ջերմորեն արտահայտվեց Ֆրանսիայում անցակցրած կարեւոր իրադարձություններով հարուստ այդ շրջանի մասին, որի ընթացքում երկուստեք ջանքերով միջպետական կապերում վերելք է գրանցվել բոլոր ուղղություններով:

Կարեւորելով Հայաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների միջեւ ամենաբարձր մակարդակով ծավալվող երկխոսությունը եւ փոխըմբռնումը, որն ամուր հիմք է ստեղծում միջպետական հարաբերությունների զարգացման համար` նախարարները պատրաստակամություն հայտնեցին ամենայն ջանքեր գործադրել ապահովելու սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ եվրոպական, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում:

Է. Նալբանդյանը Բ. Կուշներին ներկայացրեց նախագահական ընտրությունների արդյունքում Հայաստանում ձեւավորված լայն կոալիցիոն կառավարության գործունեության առանցքային ուղղությունները եւ առաջնային անելիքները, ինչպես նաեւ Հայաստանի ղեկավարության տեսակետները տարածաշրջանային անվտանգության ապահովման, առկա հակամարտությունների կարգավորման եւ համագործակցության զարգացման վերաբերյալ: Այդ առումով առանձին ուշադրություն բեւեռվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա ընթացքի եւ հեռանկարների հետ կապված հարցերի վրա: Է. Նալբանդյանը հայտնեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա` բարձր գնահատելով միջնորդների ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահեցրեց, որ իր երկիրը շարունակելու է ջանքերը ԵԱՀԿ ՄԽ կազմում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղիներ գտնելու համար:

Ընթացիկ տարվա երկրորդ կեսից ԵՄ Ֆրանսիայի նախագահության լույսի ներքո նախարարներն անդրադարձան ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության էլ ավելի խորացման հարցերին: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային մի շարք հարցերի:

Հանդիպան ավարտին Է. Նալբանդյանը Կուշներին հրավիրեց Երեւան, որը սիրով ընդունեց այն:

Հանդիպումից անմիջապես հետո Ֆրանսիայի ԱԳՆ-ում տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում արտաքին գործերի նախարարները պատասխանեցին լրագրողների հարցերին:

Վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ եւ բանակցային միջոցներով կարգավորելու Հայաստանի պատրաստակամությունը` Է. Նալբանդյանը հայտարարեց. «Այսօր կողմերի միջեւ փոխվստահություն հաստատելու եւ բանակցությունների համար կոնստրուկտիվ միջավայր ստեղծելու հստակ պահանջ կա: Այսօր հստակ պահանջ կա կրկին հաստատելու, որ Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ եւ բանակցային լուծմանն այլընտրանք չկա: Վաղը Ստրասբուրգում ես հանդիպելու եմ Ադրբեջանի իմ գործընկերոջը եւ հույս ունեմ, որ կշարունակենք կոնստրուկտիվ երկխոսությունը` միջնորդների օգնությամբ հարցին լուծման ուղիներ գտնելու համար»:

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, թե երկու ժողովուրդների ներկա սերունդը անցյալից ծանր ժառանգություն է ստացել եւ, շրջելու համար այդ սեւ էջը, քաղաքական ղեկավարները ամենայն պատասխանատվությամբ պետք է գնան ընդառաջ քայլերի: «Հայաստանն իր մասով պատրաստ է, հայտարարեց Է. Նալբանդյանը, մենք առաջարկում ենք հարաբերությունները վերահաստատել առանց որեւէ նախապայմանի, որից կշահի ողջ տարածաշրջանը, կշահեն մեր ժողովուրդները»:

Նույն օրը երեկոյան Է. Նալբանդյանը մեկնեց Ստրասբուրգ` մասնակցելու ԵԽ Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին: Մայիսի 6-ի օրվա երկրորդ կեսին նախատեսված են ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որը կավարտվի ուշ երեկոյան:

Տպել էջը