ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ 07 մայիս 2008թ.

07 մայիսի, 2008

ԵԽ Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախնական պայմանավովածության համաձայն մայիսի 6-ին ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որին հետեւեց ընդլայնված հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի ներկայությամբ:

Հանդիպումից հետո Է. Նալբանդյանը լրագրողներին հայտնեց, որ նախարարների հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ, երկու նախարարները կարծիքներ փոխանակեցին Ղարաբաղի գործընթացի վերաբերյալ, ներկայացրեցին իրենց երկրների մոտեցումները եւ պայմանավորվեցին շարունակել բանակցությունները: Նախարարները նախագահներին կներկայացնեն քննարկման արդյունքները եւ նախագահների կողմից կընդունվեն հետագա անելիքները:

Մինչ այդ նույն տեղում` Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում, Է. Նալբանդյանը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համանախագահների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա բանակցությունների շարունակման հետ կապված հարցեր: Է. Նալբանդյանը, բարձր գնահատելով մինչեւ օրս համանախագահների գործունեությունը եւ գործադրած ջանքերը, հայտնեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու բանակցությունները լուծումներ գտնելու համար:
Տպել էջը