Հայոց ցեղասպանության 93-ամյակին նվիրված միջոցառումներ 05 մայիս 2008թ. ԲՐԱԶԻԼԻԱ
05 մայիսի, 2008ԲՐԱԶԻԼԻԱ
Ս.թ. ապրիլի 23-ի երեկոյան Սան Պաուլոյի նահանգային խորհրդարանի բակում, ուր տեղադրված է 1915թ. անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը, նշվել է Հայոց Մեծ Եղեռնի 93-րդ տարելիցը: Միջոցառումը կազմակերպել են տեղի հայ համայնքն ու ՀՀ գլխավոր հյուպատոսությունը` նահանգային խորհրդարանի անդամ Վիտոր Սապիենզայի նախաձեռնությամբ:
Հուշ երեկոն սկսվել է Բրազիլիայի Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հայրերի հոգեհանգստի արարողությամբ, որից հետո տեղի են ունեցել նահանգային խորհրդարանի պատգամավոր Վ. Սապիենզայի եւ ՀՀ գլխավոր հյուպատոս
Վ. Մկրտումյանի ելույթները:
Միջոցառմանը ներկա են եղել նահանգային խորհրդարանի մի շարք պատգամավորներ, համայնքային կառույցների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ապրիլի 24-ին Սան Պաուլո նահանգի Օզասկո քաղաքում հայկական համայնքի եւ քաղաքապետարանի կազմակերպմամբ «Արմենիա» անունը կրող հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա էր հոծ բազմություն: Ներկաների թվում էին Բրազիլիայի խորհրդարանի անդամ Ֆրանսիսկո Ռոսսին, Օզասկոյի քաղաքապետ Էմիդիո դե Սուզան, տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ:
Բրազիլիայի պատգամավորը եւ Օզասկոյի քաղաքապետն իրենց ելույթներում նշել են Հայոց ցեղասպանության ճանաչման եւ պատմական արդարության վերականգնման անհրաժեշտությունը: Միջոցառմանը որպես բանախոս հանդես է եկել ՀՀ գլխավոր հյուպատոս Վալերի Մկրտումյանը, ով անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրի իրավական ասպեկտներին, Հայաստանի որդեգրած քաղաքականությանը տեր կանգնելու հայ ժողովրդի շահերին եւ հետամուտ լինելու 1915թ. ցեղասպանության միջազգային ճանաչմանը` որպես անհրաժեշտ քայլ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդման գործում:
Բանախոսը բարձր է գնահատել նաեւ հայ համայնքի դերակատարությունը Օզասկոյում` քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային բնագավառներում կատարած ներդրումների առումով: Հայաստանի կառավարության անունից գլխավոր հյուպատոսը երախտագիտություն է հայտնել Բրազիլիայի տեղական իշխանություններին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ ապրիլի 24-ը հայության հետ համերաշխության օր հայտարարելու վերաբերյալ ընդունած բանաձեւերի համար:
***
Ապրիլի 27-ին Սան Պաուլոյում սուրբ պատարագ մատուցելուց հետո հայ եկեղեցական հարանվանություններն իրենց հավատացյալներով ուղղվել են 1915թ. Եղեռնի նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթող` զետեղել ծաղկեպսակներ եւ ներկա եղել հոգեհանգստի արարողությանը:
ԻՏԱԼԻԱ
Հռոմ
Ապրիլի 17-ին Կաստելնոտվա շրջանի համայնքը կազմակերպել է «Հայերի մոռացված ցեղասպանություն» խորագիրը կրող խորհրդաժողովը:
Ապրիլի 20-ին կազմակերպվել է համերգ՝ «Հայկական հոգեւոր երաժշտությունը եւ Եվրոպան», Ագնեսա Գուրուջյանի (սոպրանո) եւ Ալլա Միլշտեյնի (երգեհոն) կատարմամբ:
Ապրիլի 24-ին Վատիկանի այգիներում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II կողմից նվիրված խաչքարի մոտ, Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների կողմից մատուցվել է ոգեկոչման ծառայություն՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի:
Նույն օրը երեկոյան՝ Հռոմի «Auditorium Conceliazione» համերգասրահներից մեկում՝ ի հիշատակ հայ ժողովրդի Մեծ Եղեռնի, կազմակերպվել է երեկո, որի ընթացքում ներկայացվել է Սաթենիգ Գուջուգյանի «Ճչացող քարեր» պիեսը, այնուհետեւ Հռոմի սիմֆոնիկ նվագախումբը Ֆրանչեսկո Լա Վեքիայի ղեկավարությամբ կատարել է Չայկովսկու 6-րդ Պաթետիկ սիմֆոնիան: Երեկոն վարել է Իտալիայի «RAI I» հեռոատաալիքի հեղինակավոր լրագրող Ռոբերտո Օլլան:
Սիլան
Ապրիլի 24-ին Մանտ Ամբրոջիո տաճարում՝ Իտալիայում Հայ առաքելական եկեղեցու հովվապետի կողմից մատուցվել է պատարագ՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի:
Վենետիկ
Ապրիլի 22-ին Մուրադ Ռաֆայելյան քոլեջի սրահներում բացվել է ցուցահանդես՝ «Մեծ Եղեռնը լուսանկարներում» խորագրով: Ցուցահանդեսը կգործի մինչեւ ս.թ. մայիսի 15-ը:
Ապրիլի 23-ին Ման Մալվադոր եկեղեցում ներկայացվել է Ջուստի Ռապաչիչի հեղինակած «Վերադարձ դեպի Արարատ» երաժշտական պիեսը:
Ապրիլի 24-ին Մուրադ Ռաֆայելյան քոլեջում, Վենետիկի Կրթության հոգեբանության ինստիտուտի տնօրինության հետ համատեղ, կազմակերպվել է «Ճշմարտությունը կտա ձեզ ազատություն» խորագրով համաժողով:
Պադովա
Ապրիլի 23-ին Պադովայի քաղաքային կինոակումբում, ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի, ներկայացվել է «Պատմությունից զուրկ պատմություններ»` հանրահայտ իտալացի վավերագրողներ Ֆեդերիկո Ռորատոյի եւ Պաոլո Ֆակոյի հեղինակած վավերագրական կինոնկարը, որին հաջորդել են Անտոնիա Արսլանի, Մարչելո Ֆլորեսի, Պիետրո Կուչուկյանի եւ Ռուբեն Սաֆրեսյանի ելույթները:
Ապրիլի 24-ին Պադովայի քաղաքապետը հանդիսավոր բացել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված բրոնզե հարթաքանդակ, ինչին հաջորդել է Մխիթարյան միաբանության կողմից մատուցված պատարագը:
***
Իտալիայի այլ քաղաքներում` Նեապոլում, Վերոնայում, Բարիում, Տարանտոյում, Վիչենցայում կազմակերպվել են խորհրդաժողովներ, մատուցվել պատարագներ` Եղեռնի ղոհերի հիշատակին:
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ
Մեծ Եղեռնի 93-րդ տարեդարձի հիշատակման միջոցառումների շրջանակում ապրիլի 18-ին ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կազմակերպած ոգեկոչման արարողությանը, որին ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ, պետական այրեր, լրատվամիջոցներ:
Նիստին ընդունվել է բանաձեւ, որը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը եւ կոչ է պարունակում ճանաչել այն: Հայոց ցեղասպանության հերքման դեմ է խոսել ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը, ով առանձնացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու կարեւորությունը՝ տարածաշրջանում խաղաղ ապագա կառուցելու նպատակով: Միաժամանակ ընդգծել է Ցեղասպանության հերքման անթույլատրելիությունը եւ դրա վտանգավոր հետեւանքները:
Ապրիլի 20-ին Նեւադայի համալսարանում (Լաս Վեգաս) ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը հանդես է եկել ելույթով՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Միջոցառումը կազմակերպել է տեղի հայ համայնքային կազմակերպություններից ստեղծված մարմինը՝ Հայ մշակութային հիմնարկի հովանավորությամբ:
Գլխավոր հյուպատոսը խոսել է Հայոց ցեղասպանության դասերի, Հայաստանի ակնկալիքների եւ պաշտոնական դիրքորոշման մասին:
Ոգեկոչման միջոցառմանը ներկա է եղել Նեւադայից ընտրված կոնգրեսական Շելի Բեռքլին, ով խոսել է ցեղասպանության հերքման դեմ եւ վերահաստատել իր վճռականությունը ԱՄՆ կոնգրեսում շարունակելու աշխատանքը Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:
Այցի շրջանակում Արմեն Լիլոյանը հանդիպել է հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին՝ կապված երկքաղաքացիության, ՀՀ արտաքին քաղաքականության, Հայաստան-Սփյուռք համագործակցության հետ:
Ապրիլի 2-ին Կալիֆորնիայի մայրաքաղաք Սակրամենտոյում տեղի են ունեցել նահանգի օրենսդիր մարմնի՝ վերին եւ ստորին պալատների նիստերը, որոնց ընթացքում հատուկ հիշատակվել է Հայոց ցեղասպանության փաստը, պատգամավորները ելույթներ են ունեցել Հայոց ցեղասպանության հերքման դեմ: Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունվել է բանաձեւ ստորին պալատի՝ Ասամբլեայի կողմից:
Ապրիլի 24-ին Արմեն Լիլոյանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին, որը գտնվում է Մոնթեբելոյում: Իրենց հարգանքի տուրքն են մատուցել համայնքային միասնական մարմնի ներկայացուցիչները, բազմաթիվ հյուրեր, Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիա Վիյառագոսան:
Երեկոյան Գլենդեյլի Ալեքս թատրոնում եւ ապա Սիվիկ կենտրոնում տեղի են ունեցել ոգեկոչման միջոցառումներ՝ կազմակերպված Գլենդեյլի քաղաքապետարանի եւ միասնական մարմնի կողմից: Արմեն Լիլոյանը ելույթ է ունեցել Սիվիկ կենտրոնում:
***
Ապրիլի 28-ին Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC) Միջազգային հետազոտությունների կենտրոնում Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը հանդես է եկել դասախոսությամբ, որը նվիրված էր Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններին:
Նա անդրադարձել է հարեւան երկրների եւ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին, ներկայացրել ԼՂ հիմնախնդրի էությունը եւ կարգավորման հեռանկարները, հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները, նաեւ եվրոպական քաղաքականության, ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ համագործակցության հնարավորությունները:
Գլխավոր հյուպատոսը հատուկ ընդգծել է Սփյուռքի դերն ու նշանակությունը Հայաստանի զարգացման գործում, ինչպես նաեւ երկքաղաքացիության ինստիտուտի դրական ազդեցությունը երկկողմ առնչություններն ամրապնդելու հարցում:
Դասախոսությունից հետո գլխավոր հյուպատոսը պատասխանել է ներկաների հարցերին:
ԱՎՍՏՐԻԱ
Ապրիլի 24-ին Վիեննայի Սբ. Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստյան պատարագ` Ավստրիայի հայոց հոգեւոր հովիվ Տ. Անդրեաս քահանա Իսախանյանի մատուցմամբ: Պատարագին ներկա են եղել Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Ջիվան Թաբիբյանը:
Այնուհետեւ եկեղեցու բակում ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանին դրվել են ծաղկեպսակներ Հայաստանի դեսպանության եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչության անունից: Համայնքային սրահում Ավստրոհայկական մշակութային ընկերությունն ու Ավստրիայի Հայ ուսանողական եւ երիտասարդական միությունը կազմակերպել են «Հայ երիտասարդության անելիքները ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար» քննարկումը:
Ապրիլի 25-ին Վիեննայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան հրապարակում գտնվող Ֆրանց Վերֆելի հուշարձանի առջեւ տեղի է ունեցել սգո արարողություն եւ ծաղկեպսակների զետեղում: Ելույթ է ունեցել Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական վարչության ատենապետ Հայկ Ազենբաուերը, ընթերցվել են «Մուսա լեռան 40 օրը» վեպից հատվածներ: Արարողությունից հետո Ավստրիայի ճարտարագետների եւ ճարտարապետների միության սրահում տեղի է ունեցել Բեռլինի տեխնիկական համալսարանի հումանիտար ֆակուլտետի պրոֆեսոր, դոկտոր Վոլֆգանգ Բենցի «Հայոց ցեղասպանություն` անցանկալի հիշողություններ, խեղաթյուրված պատմություն» զեկույցը, որին հաջորդել է Վիեննայում բնակվող հայ երաժիշտների համերգը, հնչել են Կոմիտասի, Է.Միրզոյանի, Բախի, Մոցարտի ստեղծագործությունները:
Միջոցառումներին մասնակցել են Ավստրիայում Հայաստանի դեսպանության եւ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցները:
ՀՈՒՆԳԱՐԻԱ
Ապրիլի 24-ին Բուդապեշտում կայացել են հիշատակի մի քանի միջոցառումներ` նվիրված հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին: Կեսօրին Բուդապեշտի կենտրոնում տեղադրված հայկական խաչքարի մոտ ծաղկեպսակներ են դրել Հայաստանի դեսպանության, Հունգարիայի հայ ինքնավարության, Հայկական մշակութային կենտրոնի եւ հունգարահայ համայնքի ներկայացուցիչները:
Նույն օրը երեկոյան Հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակի երեկո: Հունգարերեն եւ հայերեն լեզուներով ներկայացվել են հատվածներ Հրաչյա Քոչարի «Նահապետը» գրքից, որ հունգարերեն է թարգմանվել Պիրոշկա Կրայչիրի կողմից: Այնուհետեւ ցուցադրվել է Եղեռնին նվիրված վավերագրական ֆիլմ:
Ապրիլի 25-ին Հունգարիայի Վեսպրեմ քաղաքում նույնպես տեղի է ունեցել ցեղասպանության հիշատակի երեկո, որ կազմակերպվել էր տեղի հայկական ինքնավարության կողմից եւ քաղաքապետարանի հովանավորությամբ: Վեսպրեմի քաղաքապետարանի դահլիճում կայացած երեկոյին մասնակցել են Հունգարիայի խորհրդարանի պատգամավոր Զոլտ Խորվաթը, փոխքաղաքապետը, բազմաթիվ հունգարացիներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ելույթ են ունեցել Վեսպրեմի փոխքաղաքապետն ու հունգարացի պատգամավորը, հունգարերենով հակիրճ ներկայացվել է ցեղասպանության պատմությունը, ընթերցվել են հայ եւ հունգար բանաստեղծների ստեղծագործություններ, ելույթ է ունեցել Վեսպրեմի քաղաքային երգչախումբը:
Այդ օրերին հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Հունգարիայի Դյոր, Դորոգ, Սեկեշֆեհերվար եւ Պապա քաղաքներում:
ՉԵԽԻԱ
Հայոց Եղեռնի 93-ամյակին նվիրված միջոցառումները Չեխիայում սկսվել են ապրիլի 23-ին Բռնոյում ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող եկեղեցական արարողությամբ, որին ներկա էր Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը:
Հոգեհանգստի հանդիսավոր ծեսը վարել է չեխահայության հոգեւոր հովիվ Բարսեղ վրդ. Փիլավչյանը: Արարողությունից հետո տեղի է ունեցել Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Բռնոյի հայության հետ: Դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Մեծ եղեռնի զոհերին, պատմել Հայաստանի իշխանությունների եւ ամբողջ հայության` 1915թ. Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի եւ նվաճված արդյունքների մասին, նաեւ անդրադարձել Չեխիայի հայ համայնքի հետագա ինքնակազմակերպման եւ Հայաստանի դեսպանության հետ համագործակցության հարցերին: Միջոցառման ավարտին ցուցադրվել է «Կորուսյալ հայրենիք. Արեւմտյան Հայաստան» փաստագրական կինոնկարը:
Ապրիլի 24-ին Յիհլավա քաղաքում կազմակերպված հանդիսությունները սկսվել են հայկական խաչքարի մոտ պսակադրությամբ եւ Հայոց Եղեռնի զոհերին նվիրված նկարչական ցուցահանդեսի բացման արարողությամբ, որին մասնակցել են Վիեննայում Հայաստանի դեսպանության Պրահայի գրասենյակի ղեկավար Ա. Ոսկանյանը, չեխահայերի հոգեւոր հովիվ Բարսեղ վրդ. Փիլավչյանը, հայկական «Ուրարտու» միության ղեկավար Ա. Սարգսյանը, տեղի հայ համայնքի եւ չեխական հասարակայնութան ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսը կազմակերպվել էր Յիհլավայի գրաֆիկայի դպրոցի ուսանողների եւ «Ուրարտու» հայկական միության համատեղ ջանքերով: Հանդիսությունն ավարտվել է հոգեհանգստի ծեսով:
Նույն օրը Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված պատարագ է մատուցվել Պրահայի սուրբ Յիլյա տաճարում (պատարագիչ` Բարսեղ վրդ. Փիլավչյան): Պատարագի ավարտին Մեծ Եղեռնի տարելիցին նվիրված ելույթով հանդես է եկել Վիեննայում Հայաստանի դեսպանության Պրահայի գրասենյակի ղեկավար Ա. Ոսկանյանը: Այնուհետեւ, Inter Art Gallery Gor պատկերասրահում տեղի է ունեցել «Կրեդո» ֆիլմի ցուցադրությունը: Նույն օրը, ապրիլի 24-ի երեկոյան, չեխական Չ-2 հեռուստալիքով հերարձակվել է Ա. Էգոյանի «Արարատ» կինոնկարը: