Հայկական մշակութային շաբաթ Բուդապեշտում 04 մայիս 2008թ. 2008թ. ապրիլի 17-25-ը Հայաստանի դեսպան Աշոտ Հովակ
04 մայիսի, 20082008թ. ապրիլի 17-25-ը Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի եւ Հունգարիայի ազգային փոքրամասնությունների օմբուդսմեն Էրնյո Կալլայի հովանավորությամբ Հունգարիայի «Տրանսիլվանիայի հայկական արմատներ» մշակութային միության կողմից Բուդապեշտում անցկացվել է «Հայկական մշակութային շաբաթ»:
Բազմաբնույթ մշակութային միջոցառումներով հագեցած շաբաթը սկսվել է ապրիլի 17-ին մամուլի ասուլիսով եւ Տրանսիլվանիայի հայ նկարիչների ցուցահանդեսով: Այնուհետեւ «Հունգարացիների տանը» բացվել է Հայոց ցեղասպանության լուսանկարների ցուցահանդես:
Հաջորդ օրերի միջոցառումներն ընդգրկում էին հայկական տարբեր ֆիլմերի ցուցադրում, տրանսիլվանյան հայերի Հունգարիայում բնակության բազմադարյա պատմությունը, գեղանկարչական ցուցահանդեսներ, երգչախմբային համերգ եւ տրանսիլվանյան հայ ազգագրական երգերի կատարումներ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ, թատերականացված բեմադրություն, Բուդապեշտի հայ կաթողիկե եկեղեցու պատմությանը նվիրված դասախոսություն եւ այլն:
Ապրիլի 24-ին միության անդամները ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ծաղկեպսակներ են դրել Բուդապեշտի կենտրոնում գտնվող հայկական խաչքարի մոտ: Միության ղեկավար Շառոլտա Իշեկուցը հանդես է եկել ցեղասպանության մասին հակիրճ ելույթով եւ դատապարտել նույն օրը վանդալների կողմից խաչքարի պղծման բարբարոսական արարքը: Միության ջանքերով երեկոյան Բուդապեշտի «Ուրանիա» թատրոնում ցուցադրվել է «Մուսա լեռան 40 օրը» կինոնկարը:
Մշակութային շաբաթը եզրափակվել է ապրիլի 25-ին ամբողջովին հայկական թեմաների նվիրված հունգարերեն «Լատո» գրական ամսագրի եւ միության ղեկավար Շ. Իշեկուցի հեղինակած «Տրանսիլվանյան հայկական խոհանոց» գրքի շնորհանդեսներով եւ Հունգարիայում ճանաչված հայ ջազային ակորդեոնիստ Դավիթ Ենգիբարյանի համերգով: