Կահիրեի համալսարանում տեղի է ունեցել հայ-արաբական հարաբերություններին նվիրված միջազգային գիտաժողով 04 մայիս 2008թ.

04 մայիսի, 2008

Ս.թ. ապրիլի 29-ին Եգիպտոսի բարձրագույն կրթության նախարարի հովանավորությամբ Կահիրեի համալսարանում հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի է ունեցել հայ-արաբական հարաբերություններին նվիրված միջազգային գիտաժողով` «Հայաստան-արաբական աշխարհ. անցյալը եւ ներկան» խորագրով:

Գիտաժողովը, որը տարածաշրջանում անցկացվում էր առաջին անգամ, կազմակերպվել էր Եգիպտոսում Հայաստանի դեսպանության, եգիպտահայ բոլոր կազմակերպությունների եւ Մերձավոր Արեւելքի Հայ Դատի գրասենյակի համատեղ ջանքերով:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել Եգիպտոսի բարձրագույն կրթության նախարարի առաջին տեղակալ Ահմադ Խեյրին եւ Եգիպտոսում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը, ովքեր բարձր գնահատելով միջոցառման նշանակությունը հայ-արաբական հարաբերությունների զարգացման գործում` հատուկ շեշտեցին, որ այդ հարաբերություններն այսօր մերձեցնում են երկու ժողովուրդներին` հայերին ու արաբներին եւ լավագույն օրինակ են միջազգային հարաբերություններում քաղաքակրթությունների երկխոսության տեսանկյունից:

Գիտաժողովին ներկայացված զեկույցները նվիրված են եղել հայ-արաբական եւ հայ-իսլամական հարաբերությունների պատմական տարբեր փուլերի լուսաբանմանը, արաբական երկրներում հայ համայնքների դերին, Հայոց ցեղասպանության նկատմամբ արաբների դրական դիրքորոշմանը:

Գիտաժողովին մասնակցել են քսանից ավելի ճանաչված արաբ հայագետներ` հրավիրված Եգիպտոսից, Սիրիայից, Լիբանանից, նաեւ հայ արաբագետներ Հայաստանից: Գիտաժողովին ներկա են եղել նաեւ Արաբական լիգայի եվրոպական վարչության պետը, Եգիպտոս-ԱՖրիկա ասոցիացիայի նախագահը, Եգիպտոսի նախարարությունների ներկայացուցիչներ, օտարերկրյա դեսպաններ, դասախոսներ, ուսանողներ, նաեւ լրագրողներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Տպել էջը