ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը աշխատանքային այց է կատարել Փընջաբ եւ Հարիանա նահանների մայրաքաղաք Չանդիգար 28 ապրիլ 2008թ.

28 ապրիլի, 2008

Ս.թ. ապրիլի 25-ին Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը աշխատանքային այցով գտնվում էր Փընջաբ եւ Հարիանա նահանգների մայրաքաղաք Չանդիգարում:

Դեսպան Քոչարյանը հանդես է եկել դասախոսությամբ Չանդիգարի գյուղական եւ արդյունաբերական զարգացման հետազոտությունների կենտրոնում «Հայաստանի պատմությունը եւ ներկայիս քաղաքական ու սոցիալ-տնտեսական զարգացումները, հայ-հնդկական հարաբերությունները» թեմայով:

Նա մանրամասներ է ներկայացրել հայոց ցեղասպանության, նրա միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացի, հայկական պատմական եւ մշակութային վիթխարի հարստության, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունների, վերջին քաղաքական եւ տնտեսական զարգացումների մասին:

Դասախոսության «հայ-հնդկական հարաբերությունները» հատվածում դեսպան Քոչարյանը խոսել է հայ-հնդկական դարավոր բարեկամության, Հայաստանի եւ Հնդկաստանի երկկողմ դինամիկ հարաբերությունների վերընթաց զարգացման ու ընդլայնման մասին: Անդրադարձ է եղել նաեւ հիմնականում Կալկաթայում կենտրոնացված փոքրաթիվ հայ համայնքի դերին հայ եւ հնդիկ ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում, Հնդկաստանում տեղակայված հայկական պատմամշակութային եւ ճարտարապետական կոթողներին:

Դեսպան Քոչարյանը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:

Աշխատանքային այցի շրջանակներում դեսպանը հանդիպել է ձեռներեցների եւ գիտական ոլորտի ներկայացուցիչների հետ, այցելել Կովկասյան հետազոտությունների կենտրոն, որը 2003թ. Հնդկաստան կատարած պետական այցի շրջանակներում պաշտոնապես բացել էր Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Քննարկվել են մանրամասներ համագործակցության հնարավորությունների հեռանկարների վերաբերյալ:

Տպել էջը