Դեսպան Աշոտ Հովակիմյանը դասախոսություն է կարդացել Վիեննայի միջազգային համալսարանում 28 ապրիլ 2008թ.

28 ապրիլի, 2008

Ապրիլի 22-ին Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը Վիեննայի Միջազգային համալսարանի (Vienna International University) հրավերով դասախոսություն է կարդացել ուսանողների եւ դասախոսական կազմի համար` «Հայաստանը խաչմերուկի վրա» (Armenia at a crossroads) թեմայով:

Դեսպանն անդրադարձել է Հայաստանի պատմական անցյալին` շեշտելով աշխարհագրական, մշակութային, քաղաքակրթական խաչմերուկ լինելու հանգամանքները, եւ դրանց թողած ազդեցությունն ու հետեւանքները երկրի եւ հայ ժողովրդի վրա: Նա նշել է, որ այդ գործոնները շարունակում են կենսունակ մնալ նաեւ ներկայիս Հայաստանի համար, եւ որ Խորհրդային Միության փլուզումից եւ Հայաստանի անկախացումից հետո ավելացել է նաեւ աշխարհաքաղաքական խաչմերուկի գործոնը:

Դեսպանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, տնտեսական զարգացման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների, տարածաշրջանային իրավիճակի ընդհանուր պատկերը:
Հակիրճ ներկայացվել է նաեւ նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

Դասախոսության ավարտից հետո դեսպան Հովակիմյանը պատասխանել է ներկաների հարցերին: Դասախոսությանը ներկա են եղել նաեւ ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներ:
Տպել էջը