ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանն այցելել է Վրաստանի Բոլնիսի շրջանի Բոլնիս-Խաչեն հայաբնակ գյուղը 28 ապրիլ 2008թ.
28 ապրիլի, 2008Ապրիլի 26-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանն այցելել է Վրաստանի Բոլնիսի շրջանի Բոլնիս-Խաչեն (Քվեմո Քարթլի տարածաշրջան) հայաբնակ գյուղը, որտեղ մասնակցել է հայ գրականության դասական, ականավոր մանկավարժ, գրող, բանաստեղծ ու հրապարակախոս Ղազարոս Աղայանի հիշատակին նվիրված ամենամյա ավանդական տոնակատարությանը:
Ելույթ ունենալով Ղազարոս Աղայանի հայրենակիցների եւ տոնակատարության հյուրերի առջեւ` Հայաստանի դեսպանը, մասնավորապես, բարձր է գնահատել բոլնիս-խաչենցիների հավատարմությունը իրենց պատմական արմատներին, հայկական մշակույթին եւ ավանդույթներին:
Այցի ընթացքում դեսպանը հանդիպումներ է ունեցել Քվեմո Քարթլի տարածաշրջանի առաջին փոխնահանգապետ Զ. Դարչիաշվիլու, Բոլնիսի շրջանի սակրեբուլոյի նախագահ (տեղական ինքնակառավարման մարմին) Ն. Սաբիաշվիլու եւ Բոլնիսի շրջանի գամգեբելի (տեղական կառավարման գործադիր մարմնի ղեկավար) Գ. Դաուշվիլու հետ: Նրանք դեսպանին տեղեկացրել են շրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ զարգացման հեռանկարների մասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածքային համագործակցության հնարավորությունները: