ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ 28 ապրիլ 2008թ.
28 ապրիլի, 2008Նախարար Նալբանդյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Խորհրդարանական վեհաժողովի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հաշվի առնելով միջազգային բնագավառում Ձեր գործունեության հարուստ փորձը, համոզված եմ, որ Դուք բոլոր ջանքերը կգործադրեք Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հիմնական արժեքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը ամրապնդելու համար», - ասված է ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պույգի շնորհավորական նամակում:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Կուշները, շնորհավորական նամակում կարեւորելով Էդվարդ Նալբանդյանի հաջողություններով լի հզոր փորձը Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում եւ նրա ավանդը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում, վստահություն է հայտնել, որ նա կշարունակի գործել երկու երկրների մերձեցման ուղղությամբ: «Ես ցանկանում եմ, որ մեր սերտ համագործակցությունը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ եվրոպական եւ միջազգային մակարդակներում էլ ավելի ընդլայնվի եւ խորանա: «Հայաստան` իմ բարեկամ» նախագծի հաջողությունը, որին Դուք մեծապես նպաստել եք, ես դիտարկում եմ որպես մեր երկու ժողովուրդներին միացնող բարեկամական կապերի վառ արտահայտություն»: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է նաեւ, որ իր երկիրը շարունակելու է ջանքերը ԵԱՀԿ ՄԽ կազմում ԼՂ հիմնախնդրի լուծումը գտնելու համար:
Հնդկաստանի ԱԳ նախարար Պրանաբ Մուքերջի շնորհավորական նամակում նշում է. «Ես պատրաստ եմ Ձեզ հետ աշխատելու` Հնդկաստանի եւ Հայաստանի փոխգործակցությունը բոլոր ուղղություններով առավել խորացնելու եւ ամրապնդելու նպատակով»:
Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Սելսու Ամորիմը պարտաստակամություն է հայտնել աշխատել ՀՀ նորանշանակ արտգործնախարարի հետ` երկու երկրներին եւ ժողովուրդներին միավորող կապերը ակտիվացնելու եւ խորացնելու ուղղությամբ:
Իտալիայի ԱԳ նախարար Մասսիմո Դ` Ալեման Էդվարդ Նալբանդյանին ուղղված շնորհավորական ուղերձում մասնավորապես ասել է. «ՀՀ ԱԳ նախարարի բարձր մանդատը Ձեզ վստահելու կապակցությամբ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ: Մաղթում եմ, որ մեր երկրները շարունակեն աշխատել միասին հանուն մեր արդեն իսկ գերազանց երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու սերտացման»:
Արգենտինայի Արտաքին գործերի նախարար Խորխե Տայանան, կարեւորելով երկու երկրների ավանդական հարաբերությունները, հույս է հայտնել, որ Է.Նալբանդյանի պաշտոնավարման ընթացքում կհաջողվի խորացնել երկու երկրների բարեկամության եւ համագործակցության կապերն` ի շահ երկու ժողովուրդների:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Պիեր Լելուշը համոզմունք է հայտնել, որ Էդվարդ Նալբանդյանը կգործի ի շահ Հայաստանի եւ Եվրոպայի մերձեցման եւ կնպաստի Կովկասի տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդմանը: Նամակում պրն. Լելուշը վերահաստատել է իր աջակցությունն ու հավատարիմ ընկերությունը:
Ֆրանսիայի ամենախոշոր բանկի` «Կրեդիտ Ագրիկոլի» նախագահ Ռենե Կարրոնի շնորհավորական ուղերձում ասվում է. «Մեծ ուրախությամբ տեղեկացա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում Ձեր նշանակման մասին: Թույլ տվեք Կրեդիտ Ագրիկոլ Բանկի անունից Ձեզ հղել մեր անկեղծ շնորհավորանքները:» Բարձր գնահատելով Էդվարդ Նալբանդյանի անձնական ներդրումը հայ-ֆրանսիական առեւտրատնտեսական կապերի զարգացման գործում, Ռենե Կարրոնը նախարար Նալբանդյանին մոտ ապագայում Երեւանում հանդիպելու հույս է հայտնում:
Հայ բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչության նախագահ Պերճ Սեդրակյանն իր շնորհավորական ուղերձում նշում է, «Քաղաքական Ձեր հարուստ փորձը, միջազգային բանագավառում Ձեր բազմամյա գործունեւությունը մեծ հարգանք եւ վստահություն են ներշնչում: Վստահ ենք, որ սփյուռքահայության եւ միջազգային շրջանակների հետ Հայաստանի համագործակցությունը մեծապես կշահի Ձեր կարողություններից»: