Բանգկոկում ընթանում են ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի 64-րդ նստաշրջանի աշխատանքները 28 ապրիլ 2008թ.

28 ապրիլի, 2008

Ս.թ. ապրիլի 24-ից ՀՀ պատվիրակությունը փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի գլխավորությամբ Բանգկոկում մասնակցում է ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի (UN ESCAP) 64-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Հայկական պատվիրակությունը մասնակցեց Դեպի ծով ելք չունեցող եւ անցումային շրջանում գտնվող երկրների խմբի շրջանակում փորձագետների մակարդակով եւ ավագ պաշտոնատար անձանց մասնակցությամբ կազմակերպված Ալմաթիում ընդունված Գործողությունների ծրագրի իրագործման արդյունքների քննարկմանը, որի ժամանակ ներկայացվեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման, մեր երկիրը շրջանցող Կարս-Ախալքալաք-Բաքու նոր երկաթգծի կառուցման քաղաքական շարժառիթները:

Ապրիլի 27-ին փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը մասնակցեց UN ESCAP-ի բիզնես ֆորումին, որը նվիրված էր էներգետիկ անվտանգության հարցերին: Նույն օրը պարոն Կիրակոսյանը հանդիպեց նաեւ UN ESCAP-ի գործադիր քարտուղար Նոելին Հեյզերի հետ, որի ընթացքում քննարկվեցին UN ESCAP-Հայաստան համագործակցության, Դեպի ծով ելք չունեցող եւ զարգացման անցումային շրջանում գտնվող երկրներին վերաբերող տարանցիկ ուղիների հետ կապված հարցեր, ներառյալ մեր երկիրը տարածաշրջանային ծրագրերից դուրս թողնելու Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանքերի անթույլատրելիության հարցերը:

Ապրիլի 29-ին փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը ելույթով հանդես կգա UN ESCAP-ի 64-րդ նստաշրջանում` ներկայացնելով ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն ու ռազմավարությունը, մասնավորապես` էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում ծրագրերի իրագործումը` մեկ անգամ եւս շեշտադրելով Հայաստանի շրջափակման իրողությունը, որը տնտեսական կայուն զարգացման խոչընդոտ է հանդիսանում:

Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել սակավաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Տպել էջը