Հայոց Ցեղասպանության 93-ամյակին նվիրված միջոցառումներ աշխարհի տարբեր քաղաքներում 25 ապրիլ 2008թ. Ֆ

24 ապրիլի, 2008

ՖՐԱՆՍԻԱ

Ֆրանսիայի հարյուրավոր բնակավայրերում տեղի ունեցան ապրիլյան հիշատակի միջոցառումները:

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ Փարիզի Հաղթական կամարի տակ, որին ներկա էին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը, պետքարտուղար Անդրե Սանտինին, ֆրանսիացի պետական եւ քաղաքական գործիչներ, քաղաքապետներ, բարձրաստիճան զինվորականներ, հարյուրավոր ֆրանսահայեր: ՀՀ ԱԳ նախարարը ծաղկեպսակ զետեղեց Անհայտ զինվորի շիրիմին, ողջունեց պատվո շարասյունին եւ ստորագրեց Հիշատակի Ոսկե մատյանում: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի օրհներգերը, խոնարhվեցին մարտական դրոշները:

Ապրիլի 24-ի Փարիզի քաղաքապետարանում կազմակերպվեց Հայոց ցեղասպանության հիշատակի բազմամարդ ընդունելություն, որտեղ Է. Նալբանդյանը եւ քաղաքապետ Բերտրան Դելանոեն հանդես եկան ելույթներով:

Հետկեսօրեին Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանի մոտ տեղի ունեցավ բազմամարդ հավաք 1915թ. զոհերի հիշատակին, դատապարտումի խոսքերով ելույթներ ունեցան ֆրանսիացի քաղաքական եւ հասարակական գործիչներ, մտավորականներ:

Ապրիլի 24-ին Փարիզի Հայ Առաքելական Հովհաննես-Մկրտիչ Մայր տաճարում մատուցվեց հիշատակի պատարագ: Առաջիկա կիրակի օրը` ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ է նախատեսված նաեւ Փարիզի Աստվածամոր տաճարում:

Հիշատակի ապրիլյան միջոցառումներ տեղի ունեցան նաեւ Լիոնում, Մարսելում, Բորդոյում, Գրենոբլում, Մոնպելիեում, Կաննում եւ հարյուրավոր այլ քաղաքներում: Ապրիլի 19-ին կազմակերպվեց Ցեղասպանության հիշատակին նվիրված Մարսելի եւ շրջակայքի 12 հայկական եկեղեցիներն իրար կապող 40 կմ-անոց մարաթոնը, որին մասնակցում էին տարբեր մարզաձեւերի ֆրանսիացի աշխարհի չեմպիոններ, ֆրանսիացի արտիստներ եւ լրագրողներ:

Ֆրանսիական մամուլն այս օրերին լայնորեն անդրադարձավ Հայոց ցեղասպանության հարցին:

ԱՄՆ

Ս.թ. ապրիլի 23-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ Կոնգրեսում նշվեց Հայոց ցեղասպանության 93-ամյակը: Եղեռնի զոհերի հիշատակի ավանդական արարողությունը կազմակերպվել էր Կոնգրեսի հայանպաստ խմբի, ՀՀ դեսպանության եւ ամերիկահայ կազմակերպությունների հովանու ներքո: Աննախադեպ էր հիշատակի երեկոյին Կոնգրեսի ղեկավարության մասնակցության մակարդակը. արարողությանը ներկա էին եւ ելույթով հանդես եկան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար կոնգրեսական Սթենի Հոյերը, Հայանպաստ խմբի համանախագահներ կոնգրեսականներ Ֆրենք Փալոունը եւ ՋոզեֆՆոլենբերգը,Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի մի քանի տասնյակ անդամներ: Արարողությանը մասնակցում էին նաեւ Կոնգրեսի աշխատակիցներ, ամերիկահայ կրոնական, քաղաքական եւ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, համայնքի անդամներ, հայ ազգի բարեկամներ: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նշանակության մասին հիմնական զեկույցով հանդես եկավ Ցեղասպանագետների միջազգային միության նախագահ, պրոֆ. Գրեգորի Սթենթոնը:

Իր ելույթում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կարեւորեց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից, համոզմունք արտահայտելով, որ դա անպայման տեղի է ունենալու: Տկն. Փելոսին եւ մեծամասնության ղեկավար կոնգրեսական Հոյերը վստահեցրեցին, որ շարունակելու են պայքարը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը:

Իր պաշտոնական խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն անդրադարձավ 2007թ հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին, նշելով դրա կարեւորությունը, ինչպես նաեւ այն, որ աննախադեպ քննարկումների ընթացքում հանձնաժողովի անդամները միահամուռ կերպով ընդունեցին Հայոց ցեղասպանության պատմական փաստը: ՀՀ դեսպանը ընդգծեց ՀՀ նորընտիր Նախագահ Ս. Սարգսյանի հայտարարությունը, որ Հայոց ցեսաղպանության միջազգային ճանաչումը շարունակելու է առանձնահատուկ տեղ գրավել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, ինչը հաստատում է հայոց պետականության հաստատակամությունը եւ հետեւողականությունը ողջ հայության համար կարեւոր այս հարցում:

Ապրիլի 24-ին Դեսպանության տարածքում գտնվող խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման ավանդական արարողություն Վաշինգտոնում գործող հայկական կազմակերպությունների, անհատների անունից: Արարողության ընթացքում հոգեհանգստի ծեսով Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հարգեցին Վաշինգտոնի Սբ. Աստվածածին եւ Սբ. Խաչ հայկական եկեղեցիների առաջնորդները: Արարողության մի քանի հարյուր մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը: ՀՀ դեսպանը իր ելույթում նշեց, որ հայոց պետականության շուրջ ողջ հայության համախմբվածությունը լավագույն երաշխիքն է, որ իրագործվելու են Հայաստանի բոլոր ազգային նպատակները՝ հզոր եւ ծաղկուն հայրենիքի կառուցումը, Արցախի անկախության ամրագրումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:

ԿԱՆԱԴԱ

Ս.թ. ապրխի 24-ին Մեծ Եղեռնի 93-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանությունում եւ նրան հարող տարածքում տեղի ունեցավ Եղեռնի զոհերի ոգեկոչման հատուկ աարարողություն, որը դեսպանության կողմից անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ: Արարողությանը մասնակցեցին Հայ Առաքելական Եկեղեցու երկու թեմերի ներկայացուցիչները՝ Անթիլիասի թեմի առաջնորդ Խաժակ Արքեպս. Հակոբյանի գլխավորությամբ, Կանադայում Հայ Կաթոլիկ եւ Հայ Ավետարանական Եկեղեցիների առաջնորդները, Կանադայում գործող հայկական կուսակցությունների, կազմակերպությունների ու միությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ բազմաթիվ անհատներ Օտտավայից, Մոնրեւալից եւ Տորոնթոյից: Այս տարի հատկապես մեծ թիվ էր կազմում Մեծ Եղեռնի տարելիցի կապակցությամբ ՀՀ դեսպանություն այցելած Մոնրեալի եւ Տորոնթոյի հայ աշակերտությունը: Հյուրերի թվում էր ԱՄՆ «Հայ Դատի» գրասենյակի տնօրեն Կեն Խաչիկյանը:

Արարողության ընթացքում ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրվեցին դեսպանության տարածքում գտնվող «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ: Խոսքով հանդես եկան Կանադայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանը եւ առաջնորդ Խաժակ Արքեպս. Հակոբյանը:

Միջոցառման լուսանկարներդ զետեղված են դեսպանության www.armembassycanada.ca կայքում:

Մեծ Եղեռնի 93-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը:

ԱՐԳԵՆՏԻՆԱ

Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին սկիզբ դրվեց ապրիլի 20-ին Բուենոս Աիյեսի` «Նարեկի Տիրամայր» հայ կաթողիկե մայր եկեղեցում` Ցեղասպանության նահատակների հիշատակին մատուցված սուրբ պատարագով, որին ներկա էին համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ հավատացյալներ: Պատարագի ավարտին եկեղեցու դիմացը գտնվող «Մոնտե Արարատ» հրապարակի հուշարձանին զետեղվեց ծաղկեպսակ:

Ապրիլի 24-ին Բուենոս Այրեսի Հայաստանյան առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում մատուցվեց սուրբ պատարագ` նվիրված Ցեղասպանության նահատակների հիշատակին: Այնուհետեւ, Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման եկեղեցական արարողությունը տեղափոխվեց Բուենոս Այրեսի «Մետրոպոլիտանա» Մայր Տաճար, որի սրահը ամբողջությամբ լեցուն էր: Արորողությանը ներկա էին բազմաթիվ արգենտինացի բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, համայնքային բոլոր կառույցների ներկայացուցիչներ, հայկական դպրոցների հարյուրավոր ածակերտներ: Եկեղեցական տիսակատուրությունից հետո, Բուենոս Այրեսի կառավարության անունից` եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խոսքով հանդես եկավ մայրաքաղաքի Մարդու իրավունքների հարցերով փոխքարտուղար դ-ր Էլվիո Ռեբոտը, աղոթքով հանդես եկան Հայաստանյան առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, Լատինական Ամերիկայի հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Վարդան Եպիսկոպոս Պողոսյանը, Արգենտինայի կաթողիկե եկեղեցու անունից` Մոնսենյոր Վիլյան:

Օրվա կենտրոնական միջոցառումը տեղի ունեցավ Գեներալ Սան Մարտինի անունը կրող հրապարակում, որտեղ հավաքված հոծ բազմության առջեւ ելույթներով հանդես եկան Արգենտինայում Հայաստանի Հանրպետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, ԱՀ Արդարադատության, Անվտանգության եւ Մարդու Իրավունքների նախարարության փոխնախարար դ-ր. Լուիս Դուհալդեն, Արգենտինայի Վերահսկիչ պալատի նախագահ դ-ր Լեանդրո Դեսպուին:
Նույն օրը երեկոյան «Մալբա» թանգարանի դահլիճում տեղի ունեցավ իտալացի կինոռեժիսորներ Տավիանի եղբայրների նկարահանած «Արտույտների տունը» ֆիլմը, որի դիտմանը ներկա գտնվեցին արգենտինացի մշակութային գործիչներ, պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, լրագրողներ, համայնքային գործիչներ, բազմաթիվ արգենտինացիներ: Ֆիլմը դիտվեց մեծ ուշադրությամբ եւ արժանացավ հանդիսատեսների հավանությանը:

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները կշարունակվեն ինչպես Արգենտինայի մայրաքաղաքում, այնպես էլ երկրի այլ հայաբնակ վայրերում:

ԳԵՐՄԱՆԻԱ

Առաջին միջոցառումը կազմակերպվել էր ապրիլի 20-ին Գերմանիայի Պոտսդամ քաղաքում, որտեղ եւ գտնվում է հայ ժողովրդի բարեկամ, մեծն բարերար Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանը: Ներկաներին ողջունեցին ԳԴՀ –ում ՀՀ Դեսպան Կարինե Ղազինյանը եւ «Լեփսիուսի Տուն» միության փոխնախագահ` Հալեյի համալսարանի Աստվածաբանության ամբիոնի ղեկավար պրոֆեսոր Հերման Գոլցը:

Այնուհետեւ տեղի ունեցավ էքումենիկ արարողություն Հայոց Մեծ Եղեռնի անմեղ նահատակների հիշատակին` Գերմանիայում Հայոց Թեմի Առաջնորդ Գարեգին Արքեպիսկոպոս Բեկչյանի եւ Բեռլին-Բրանդենբուրգ երկրամասերի Ավետարանական եկեղեցու եպիսկոպոսական փոխանորդ` Հանս Ուլրիխ Շուլցեի կողմից:

Ավարտից հետո Պոտսդամի զբոսայգիներից մեկում կատարվեց Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակն անմահացնող խաչքարի հանդիսավոր բացումը:

Ապրիլի 24-ին Բեռլինում «Ֆրանսիական տաճար» եկեղեցում կկայանա սգո երեկո, որտեղ ներկաներին կողջունեն, ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ տիկին Սյուզաննե Քաստները, Պրոֆ. Դր. Անդրեաս Նախաման եւ ՀՀ դեսպան տիկին Կարինե Ղազինյանը: Երեկոն կավարտվի հայազգի հանրաճանաչ դաշնակահար Վարդան Մամիկոնյանի ելույթով:

Ապրիլի 24-ին Մայնի Ֆրանկֆուրտի «Սուրբ Պաուլսի» եկեղեցում կկայանա Գերմանիայի Հայոց Առաջնորդության եւ Գերմանահայ կենտրոնական խորհրդի միացյալ միջոցառումը: Ներկաներին կողջունեն Եվրոմիությունում Գերմանական Ավետարանական եկեղեցու գերագույն խորհրդի մշտական ներակայացուցիչ Արքեպիսկոպոս դր. Շտեֆան Ռայմերսը, գրող- հրապարակախոս Մանգելսոնը, Գերմանիայում Հայոց Թեմի Առաջնորդ Գարեգին Արքեպիսկոպոս Բեկչյանը եւ Գերմանահայ կենտրոնական խորհրդի նախագահ դր. Շավարշ Հովասափյանը: Միջոցառմանը ելույթ կունենանա հայտնի բարիտոն Գարեգին Հովսեփյանը:

Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն նաեւ Գերմանիայի Քեհլ, Շտուտգարթ, Նյուրնբերգ եւ Քյոլն քաղաքներում:

ՀՈՒՆԱՍՏԱՆ

Ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության 93-ամյակի կապակցությամբ Աթենքի նահանգապետարանի, ՌԱԿ Հայ իրավանց խորհրդի եւ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Աթենքի «Աթիկոն» դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ:

Միջոցառման ընթացքում Հունաստանի վարչապետի ու կառավարության անունից ելույթ ունեցավ ներքին գործերի, պետական կառավարման եւ ապակենտրոնացման նախարար` Պրոկոպիս Պավլոպուլոսը, իսկ Հունաստանի խորհրդարանի անունից` խորհրդարանի փոխխոսնակ Անաստասիոս Ներանձիսը:

Ելույթներ ունեցան նաեւ Հունաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, Աթենքի նահանգապետը: Ուղերձով հանդես եկավ ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը: Իր ելույթում նա մասնավորապես նշեց. «Ամեն տարի ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը` մեր հոգիներում վառ պահելով այդ ոճրագործության զոհերի հիշատակը: 1915 թվականը դարձավ սահմանաբաժան մեր ժողովրդի բոլոր հատվածների ճակատագրում։ Այն կտրուկ կերպով փոխեց եւ խաթարեց հայ ժողովրդի բնականոն զարգացման ուղին։ Դրա ծանր հետեւանքները մինչեւ այսօր իրենց զգացնել են տալիս թե՛ հայրենաբնակ, թե՛ սփյուռքի հայության կյանքում։»

Օրվա բանախոսն էր պատգամավոր, նախկին նախարար Պետրոս Էֆտիմիուն:

Նիստին մասնակցում էին Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների, տեղական կառավարման մարմինների, զինվորականության ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու երկու թեմերի, հայ կաթոլիկ ու բողոքական եկեղեցիների առաջնորդները, Աթենքի եւ համայն հունաց պատրիարք Իերոնիմոս արքեպիսկոպոսի ներկայացուցիչը, հայկական քաղաքական կուսակցությունների ու համայնքի ներկայացուցիչներ, Հունաստանում սովորող հայաստանցի ուսանողներն ու զինվորական ակադեմիայի կուրսանտները:

Միջոցառումն ավարտվեց քայլարշավով դեպի Աթենքի կենտրոնական Սինտագմա հրապարակում գտնվող Անհայտ զինվորի շիրիմը, որին ծաղկեպսակներ դրվեցին ՀՀ դեսպանության, Հունաստանի կառավարության, խորհրդարանի, քաղաքական կուսակցությունների եւ Հունաստանի հայ համայնքի կողմից:

Հրապարակում մեկ շաբաթ տեղադրված էր տաղավար, ուր հայ երիտասարդները բաժանում էին գրականություն եւ այլ տպագիր նյութեր հայոց ցեղասպանության ու նրա ճանաչման գործընթացի վերաբերյալ:

Ապրիլի 19-ին Աթենքի Նեա Զմիռնի թաղամասի հրապարակում, ուր տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը, տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն:

Միասնական աղոթքով հանդես եկան Հայ առաքելական եկեղեցու երկու թեմերի, հայ կաթոլիկ ու բողոքական եկեղեցիների առաջնորդները: Ելույթներ ունեցան Հունաստանում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը, հունահայ համայնքի, Աթենքի նահանգապետարանի ու քաղաքապետարանի ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձիք:

Այնուհետեւ, հուշակոթողին ծաղկեպսակներ դրվեցին ՀՀ դեսպանության, Աթենքի նահանգապետարանի, Նեա Զմիռնիի քաղաքապետարանի, Հունաստանում ուսանող ՀՀ զինվորական կուրսանտների եւ հայ համայնքի կողմից:
Միջոցառումը կազմակերպված էր Աթենքի նահանգապետարանի, քաղաքապետարանի, հայ համայնքի եւ Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ:

Միջոցառման ավարտից հետո, տեղի ունեցավ բողոքի երթ դեպի Հունաստանում Թուրքիայի դեսպանություն: Վերջինը պաշտպանված էր հունական ոստիկանության լրացուցիչ ուժերով: Ցուցարարներին արգելվեց մոտենալ դեսպանությանն ու հուշագիրը փոխանցել թուրքական դեսպանության որեւէ աշխատակցի: Ի վերջո, թուլատրվեց երթի մասնակիցներին մոտենալ դեսպանությանը եւ փակցնել հուշագիրը դեսպանության մոտակա ծառին:

Ապրիլի 18-20-ին Հայոց ցեղասպանության 93-ամյակի կապակցությամբ «Սողոմոն Թեհլերյան» երիտասարդական խմբի նախաձեռնությամբ Սալոնիկի կենտրոնական, Արիստոտելոս հրապարակում անցկացվեց գրքերի եւ նկարների ցուցադրություն:

Ապրիլի 20-ին Սալոնիկի «Վելիտեո Սինեդրիակո Կենտրո» դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Մակեդոնիա-Թրակիայի նախարար Մարգարիտիս Ձիմասը, Սալոնիկի քաղաքապետ Վասիլի Պապագիորգոպուլոսը, Սալոնիկի նահանգապետի ներկայացուցիչը: ՀՀ դեսպանի ուղերձը փոխանցեց դեսպանության խորհրդական Սերոբ Բեջանյանը: Բանախոսությամբ հանդես եկավ պատգամավոր, Հունաստանի խորհրդարանի նախկին նախագահ Ապոստոլոս Կակլամանիսը:

Նիստին մասնակցում էին տեղական կառավարման, Հայ առաքելական եւ Հույն ուղղափառ եկեղեցիների, հայկական քաղաքական կուսակցությունների ու համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառումն ավարտվեց քայլարշավով դեպի Երրորդ զորաբանակի Անհայտ զինվորի շիրիմը, ուր ծաղկեպսակներ դրվեցին ՀՀ դեսպանության, Մակեդոնիա-Թրակիայի նախարարության, Հունաստանի քաղաքական կուսակցությունների, Սալոնիակի հրեական կազմակերպության եւ Հունաստանի հայ համայնքի կողմից:

ՌՈՒՄԻՆԻԱ

Ս.թ. ապրիլի 24-ին Բուխարեստի հայոց եկեղեցում կատարվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություն` հայ եւ ռումին ներկաների մասնակցությամբ: Զոհերի հիշատակի արարողությանը ելույթներով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տիրայր Արքեպիսկոպոս Մարտիկյանը, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը/Varujan Pambuccian/, ներկա էր Ռումինիայի հայոց միության նախագահ, Ռումինիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Վարուժան Ոսկանյանը/Varujan Vosganian/.

Արարողությանը հետեւեց Բուխարեստի տարբեր մասերում գտնվող Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված երկու խաչքար-հուշարձաններին ծաղկեդնումը: Ծաղկեպսակներ դրվեցին Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի, Ռումինիայի հայոց միության, այլ կազմակերպությունների ու ներկաների կողմից:

Այսօր ոգեկոչման եւ զոհերի հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել Ռումինիայի այլ քաղաքներում` Կոնստանցայում, Կլուժ-Նապոկայում, Սուչավայում:

Միջոցառումները լուսաբանվում են ԶԼՄ-ների կողմից:

Ռումինական մամուլում հրապարակվել են նյութեր Հայոց ցեղասպանության տարեդարձի կապակցությամբ, այդ թվում` Ռումինիայում ՀՀ դեսպանության կողմից պետական մարմինների, դիվանագիտական առաքելությունների եւ մամուլի համար տարածած հաղորդակցությունը:

ԲԵԼԳԻԱ

Ս.թ. ապրիլի 24-ին Բրյուսելի հայկական առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ` նվիրված Հայոց մեծ եղեռնի 93-րդ տարեդարձին: Պատարագին մասնակցում էին Բելգիայի սենատի պատգամավոր, արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Ֆրանսուա Ռոելան դյու Վիվիեն, Բելգիահայերի կոմիտեի նախագահ Միշել Մահմուրյանը, Բրուսելում ՀՀ դեսպան Վ.Չիտեչյանը եւ ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան Ս.Մկրտչյանը:

Ս.Մկրտչյանը, ինչպես նաեւ հայ համայքի հարյուրավոր ներկայացուցիչներ: Պատարագին հաջորդեց ներկաների երթը դեպի Բրյուսել կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարը : Երթին միացան նաեւ բելգիացի այլ պաշտոնյաներ, հրեական եւ թութսիների համայնքներիի ներկայացուցիչներ: Խաչքարի մոտ հոգեվոր հայրերը մատուցեցին ոգեկոչման արարողություն, որին հաջորդեցին պրն. Մահմուրյանի եւ Ռոելան դյու Վիվիեի ելույթները, վերջինս լիազորված էր հայտնել Բելգիայի սենատի նախագահ Արման դը Դեկերի զորակցությունը հիշյալ ոճրագործությունների զոհ դարձած ժողովուրդների ներկայացուցիչներին: Ելույթներին հետեւեց պսակադրման արարողությունը:

Սույն արարողություններից հետո ներկաները ուղեւորվեցին դեպի Բրյուսելում Թուրքիայի դեսպանություն, որի առջեւ տեղի ունեցավ ցույց:

Նույն օրը տեղի ունեցան Հայաստանի հիշյալ ոճրագործությանը նվիրված միջոցառումներ, որոնք ներառված էին ս.թ. ապրիլի 23-ից 25-ը Բրյուսելում մեկնարկած «Երկար ժամանակ / կարճ ժամանակ. Արեւմուտքն ու արեւելքը խոսում են արդի աշխարհի մասին» խորագրով միջոցառումների շարքում. Այն կազմակերպվել էր Պողոսյան հիմնադրամի կողմից: Զեկուցողների թվում էին ֆրանսախոս համայնքի մշակույթի նախարարը, Լիբանանի մշակույթի նախարարը, ԱՄՆ նախկին գլխավոր քարտուղար-օգնականը, հայտնի գրողներ եւ պետական գործիչներ:

Հայաստանի մասով հանդես եկավ Լյուվենի համալսարանի ռեկտոր, հայագետ Բերնար Կուլին, որն ամփոփ կերպով ներկայացրեց հայ ժողովրդի անցած պատմական փուլերը, կրած ազդեցություններն ու զավթիչների դեմ մղած պայքարը : Պարոն Կուլիի ելույթին հաջորդեց երիտասարդ ջութակահար, զանազան մրցույթների դափնեկիր Հրաչյա Ավանեսյանի համերգը : Այդ օրվա միջոցառումները սահմանափակվեցին Ռոբերտ Գեդիգյանի «Հայաստան կատարած ճանապարհորդություն» ֆիլմի ցուցադրմամբ: Սույն երեկոյին ներկա էին բելգիացի պաշտոնյաներ, հասարակության հայտնի գործիչներ, գիտնականներ, արվեստագետներ, Հայաստանում Բելգիայի դեսպան Շարլ Գիլենը, ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան Ս.Մկրտչյանը:

ՀՈԼԱՆԴԻԱ

Ապրիլի 24-ին Ամստերդամի հայկական եկեղեցում Եղեռնի նահատակների համար մատուցվեց պատարագ: Պատարագիչն էր հոլանդահայ համայնքի հոգեւոր հովիվ Տաթեւ վրդ. Մուրատյանը: Պատարագին ներկա էր Բրուսելում ՀՀ դեսպան Վ. Չիտեչյանը:

Նույն օրը բացվել էր նաեւ նամականիշների ցուցահանդես, որոնցում պատկերված էին տեսարաններ Հայոց ցեղասպանությունից:

Նշված օրը Ասսենում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ 1915թ. Հայոց ցեղասպանության 93-րդ տարեդաձին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի կողմից: Հիշատակման միջոցառմանը ներկա էին Նիդեռլանդների տարբեր քաղաքների հայ համայնքների հարյուրավոր մասնակիցներ, հոլանդական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Խաչքարի մոտ տեղի ունեցած արարողությունից հետո, ներկաները դիտեցին ֆիլմ նվիրված Ցեղասպանությանը, որից հետո ելույթներ ունեցան հայկական համայնքների ներկայացուցիչներ, ընթերցվեցին Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Ե.Վիգմանի (Քրիստոնեական միություն), ինչպես նաեւ հրեական համայնքի ռաբբի Աբրահամ Սոթենդորպի ուղերձները: Ներկաների առաջ ելույթ ունեցավ նաեւ Իրանական Ազգային ճակատի ներկայացուցիչ դոկտոր Մաջլեսին: Միջոցառմանը ներկա էին հոլանդական հեռուսատատեսության ու ռադիոյի ներկայացուցիչները: Ասսենում տեղի ունեցած արարողությունը կարող եք դիտել http://www.tvdrenthe.nl/761e2b9b-2602-4484-98bd-7f9c0000bf01.aspx?NewsID=22620 կայքում:

Ս.թ. ապրիլի 24-ին, Ալմելոյի հայկական եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան պատարագ` նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին, որից հետո ներկաները ծաղկեպսակներ դրեցին եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ: Եկեղեցու հարեւանությամբ գտնվող «Ալեք Մանուկյան» սրահում Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու վարչության եւ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը կազմակերպել էին հուշ երեկո, որի ժամանակ ելույթ ունեցան Եվրոպայի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի ատենապետուհի Հիլդա Չոբոյանը, Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Մինաս Արսենյանը, ապա ցուցադրվեց «Ճչացողները» (Screamers) վավերագրական ֆիլմը: Երեկոյին ներկա էին Ալմելոյի քաղաքապետարանի, տարբեր կուսակցությունների տեղական մարմինների ու քրիստոնյա այլ եկեղեցիների ներկայացուցիչներ:

«Նիդեռլանդ 2» հանրային հեռուստաալիքով հեռարձակվեց «Մեր պապերի երկիրը» վերնագրով փաստագրական ֆիլմը, որի ռեժիսորներն են հոլանդահայ Ալեքսանդր Խուկջյանը (Alexander Goekjian) եւ հոլանդացի Կայ Մաստենբռուկը (Kay Mastenbroek):

ԲՈՒԼՂԱՐԻԱ

Բուլղարիայում նույնպես տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 93-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ:

Ինչպես Եվրոպայի գրեթե բոլոր պետություններում, այնպես էլ Բուլղարիայում ապրող հայերը մի շարք միջոցառումներ են անցկացրել Սոֆիայում, Պլովդիվում , Վառնայում, Բուրգասում եւ մյուս հայաշատ քաղաքներում:

Ապրիլի 24-ին հայ առաքելական եկեղեցու Վառնայի , Բուրգասի , Պլովդիվի , Սիլիստրայի եւ այլ հայաշատ քաղաքներում գործող եկեղեցական խորհրդները պատարագներ են մատուցե 1915թ. Մեծ եղերնի զոհերի հիշատակին:

Միջոցառումների մեկնարկը սկսվել է մայրաքաղաք Սոֆիայից:
Ապրիլի 20-21-ը ԲՀ -ում ՀՀ դեսպանության հովհանավորությամբ եւ Սոֆիայի Հայ բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպամության զոհերի հիշատակին կազմակերպվել է համերգ Սոֆիայի ազգային երաժշտական ակադեմիայի «Պանչո Վլադիգերով» համերգասրահում:

Պետրոս Փափազյանի գլխավորած կամերային համույթի կազմում , որպես մենակատար , հանդես եկավ Հայաստանից ժամանած ջութակահար Վաչե Հովեյանը:

Ապրիլի 24-ին ԲՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում խորհրդարանի «Գեորգյովդեն» ընդդիմադիր խմբակցության առաջարկությամբ 1 րոպե լռությամբ Բուլղարիայի խորհրդարանի բոլոր պատգամավորները ոտնկայս հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակր:

Առավոտյան մի քանի տասնյակ հայեր բողոքի ակցիա էին կազմակերպել Սոֆիայի քաղաքապետարանի շրջակայքում , որտեղ ընդանում էր համայնքային խորհրդի հերթական նիստը եւ պետք է քվեարկության դրվեր նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ բանաձեւի որոշման նախագիծը: Ավելի ուշ տեղեկություններ ստացվեցին , որ համայնքային խորհրդի նիստի ընթացքում միայն ընթերցվել է հայտարարություն , որի համաձայն Բուլղարիան 1915թ. հայերի ցեղասպանության փաստը պատմական իրողություն է համարում: Չնայած որ սույն հայտարարությունը Սոֆիայի համայնքային խորհրդի 61 պատգամավորներից 32-ը իրենց ստորագրություններով հավանության են արժանացրել, սակայն հարց չի դրվել քվեարկության եւ համապատասխան որոշում չի կայացվել:

Երեկոյան Սոֆիայի հայկական գերեզմանատանը անցկացվեց հանրահավաք: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը , որին հաջորդեց եկեղեցական եւ Եղեռնի զոհերի հուշարձանին ծաղկեպսակների դրման եւ մոմավառության արարողությունները: Ծաղիկներ դրվեցին ներկա գտնվող ինչպես հայ համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ Բուլղարիայի քաղաքական եւ հասարակական գործիչների կողմից :

Ելույթներով հանդես եկան ԲՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը , ՀՀ-ում ԲՀ նախկին դեսպան Իվան Իվանչեւը, բուլղարահայ մտավորական Միհրան Պողոսյանը:

Հանրահավաքին մասնակցում էին ԲՀ-ում ՀՀ դեսպան Մանասարյանը , դեսպանության անձնակազմը, Հայ առաքելական եկեղեցու թեմական խորհրդի նախագահ, ԲՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գրրգորյանը , ՀՀ-ում ԲՀ նախկին դեսպան Իվան Իվանչեւը, ԲԺԺ եւ «Ստակա» կուսակցություններից պատգամավորներ պրոֆ. Նիկոլայ Միխայլովը , պրոֆ.Ստանիսլավ Ստանիլովը, Սոֆիայի համայնքային խորհրդի «Գերբ» խմբակցության ներկայացուցիչը , Սոֆիայում գործող բուլղարահայ ազգային մարմինների , եկեղեցական խորհրդի կրթամշակութային եւ այլ հայկական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

Նույն օրը նմանատիպ հանրահավաքներ են տեղի ունեցել նաեւ Պլովդիվում, Վառնայում , Բուրգասում եւ այլ հայաշատ քաղաքներում, որտեղ նույնպես եկեղեցական արարողություններին հաջորդել են սգո երթերը եւ հուշ երեկոները: Մեծ եղեռնի 93-ամյակին նվիրված միջոցառումները լայնորեն լուսաբանվել են բուլղարական թերթերում եւ հեռուստատեսությամբ:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Ռուսաստանի մի շարք քաղաքներում:

Մոսկվայում կառուցվող եկեղեցու բակում հոգեհանգստյան պատարագ է մատուցվել 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:

Ռուսաստանի Դաշնային Խորհրդի Պետական Դումայի վախխոսնակ
Ա. Բաբակովի առաջարկությամբ ռուս պատգամավորները մեկ րոպե լռությամբ նույնպես իրենց տուրքը մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

ԲԵԼԱՌՈՒՍ

Ս.թ. ապրիլի 24-ին Մինսկի Սբ. Ալեքսանդր Նեւսկու եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ կայացավ Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված սգո միտինգ։

Մասնակիցների թվում էին ՀՀ դեսպանության անձնակազմը, օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքային եւ երիտասարդական կազմակերպությունների բազում ներկայացուցիչներ:

Սբ. Ալեքսանդր Նեւսկու եկեղեցու սպասավորների կողմից անցկացվեց Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի ոգեկոչման արարողություն:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: Բացման խոսքով հանդես եկավ Մինսկի «Հայաստան» մշակութա-լուսավորչական ընկերության ղեկավար Գ.Եղիազարյանը։ ՀՀ դեսպան Օ.Եսայանը իր ելույթում անդրադարձավ Մեծ Եղեռնի պատմական իրողություններին եւ ներկայացրեց Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման արդի գործընթացներն ու այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության որդեգրած արտաքին քաղաքականությունը։

Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված ներկայիս արարողությունը առաջին անգամ լուսաբանվեց Բելառուսի կենտրոնական հեռուստատեսության լրատվական ծրագրերում։ Այդ մասին առանձին հաղորդագրություն հրապարակեց նաեւ «ԲԵԼՏԱ» տեղեկատվական գործակալությունը։

Նույն օրը Մինսկի Ա. Պուշկինի անվան գրադարանում կայացավ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «Հայրենի երկիր իմ Հայաստան» խորագրով հուշ երեկո, որը կազմակերպել էր «Հայաստան» ընկերության կիրակնօրյա դպրոցի տնօրինությունը։ Երեկոյին ներկա ՀՀ դեսպանության դիվանագետները իրենց ելույթում շնորհակալություն հայտնեցին առաջին անգամ նման միջոցառում անցկացնելու նախաձեռնողներին եւ հովանավորներին։

ՎՐԱՍՏԱՆ

Ս.թ. ապրիլի 19-24-ը Թբիլիսիում անց են կացվել մի շարք միջոցառումներ նվիրված Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Ապրիլի 19-ին Վրաստանի հայկական համագործակցության կենտրոնը Թբիլիսիի Ա.Դյումայի անվան ֆրանսիական մշակութային կենտրոնում կազմակերպել էր «1915-1923թթ. Հայերի ցեղասպանությունը. Հայացք Թբիլիսիից, Ստամբուլից եւ Երեւանից» խորագրով միջազգային գիտական կոնֆերանս:

Ապրիլի 23-ին Թբիլիսիի կինոյի տանը կազմակերպվել է ցուցահանդես Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ստեղծագործության մոտիվներով, որից հետո ցուցադրվել Կարեն Գեւորգյանի «Ցեղասպանություն առանց մեկնաբանությունների» վավերագրական կինոնկարը:

Ապրիլի 24-ին առավոտյան «Խոջիվանք» հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոնում տեղի է ունեցել ծառատունկ, որից հետո Թբիլիսիի Սբ.Գեւորգ եկեղեցում անմեղ զոհերի հիշատակին մատուցվել հոգեհանգստի պատարագ:

Նույն օրը հայկական երիտասարդական կազմակերպությունների, հայկական դպրոցների բարձր դասարանների աշակերտների եւ հայ համայնքի մոտ 700 ներկայացուցիչ Թբիլիսիում Թուրքիայի Հանրապետության դեսպանության առջեւ անցկացրել են ցույց` հայ ազգի դեմ գործած հանցավոր ոճրագործությունը ճանաչելու պահանջով, որից հետո Թբիլիսիի Ն.Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում կազմակերպվել լուսանկարչական ցուցահանդես եւ կանադահայ ռեժիսոր Արազ Արտինյանի «Ցեղասպանությունն իմ մեջ» գեղարվեստական կինոնկարի ցուցադրություն:

Երեկոյան Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնում կայացել է սգո երեկո, որից հետո Հայաստանից ժամանած դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը հանդիսատեսին ներկայացրել ռեժիսոր Գառնիկ Սեյրանյանի «Երկյուղած լռություն» իրատեսական էլեգիա մոնոներկայացումը:

Երեկոյին բացման խոսքով հանդես է եկել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հ.Սիլվանյանը: Նա մասնավորապես նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հայ ժողովրդի արդար քաղաքական պահանջն է, ուստի ներկայիս հայոց պետությունը որդեգրել է աշխարհում Մեծ Եղեռնի փաստը պաշտոնապես ճանաչելու արտաքին քաղաքական ուղեգիծը: ՀՀ դեսպանը նաեւ վստահություն է հայտնել, որ մեր պետությունը չի շեղվի այս ճշմարիտ ճանապարհից եւ կհասնի պատմական արդարության վերականգնմանը:

Միջոցառումները կազմակերպել էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը եւ Վրաստանի հայկական համագործակցության կենտրոնը:

Վրաստանի այլ շրջաններում եւս անցկացվել են Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ:

ՍԻՐԻԱ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 20-23-ը Հայոց Բերիո թեմի հովանավորությամբ Քրիստափոր ուսանողական միությունը Հալեպի պետական համալսարանում կազմակերպեց հայկական մշակութային շաբաթ:

Մշակութային շաբաթի միջոցառումների շրջանակներում մասնավորապես ապրիլի 20-ից բացվեց լուսանկարների ցուցահանդես «Հալեպը եւ իր շրջակայքը 20-րդ դարասկզբին սիրիահայ նկարիչների աչքերով» թեմայով:

Ապրիլի 21-ին տեղի ունեցավ Օսմանյան բռանապետության վերաբերյալ սիրիացիների նկարահանած «Թուրափ ալ-Ղուրապա» (Օտարների հողը) ֆիլմի ցուցադրումը, որտեղ արծարծվում է հայ-արաբական փոխօգնությունն ու բարեկամությունը:

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ «Armenia, the sleeping beauty» վավերագրական ֆիլմի ցուցադրումը:

Ապրիլի 23-ին հայ-արաբական բարեկամություն խորագրով եզրափակիչ հանդիսությամբ տեղի ունեցավ հայկական մշակութային շաբաթվա փակման արարողությունը:

Միջոցառումներին մասնակցեց Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոսը եւ Հալեպի համալսարանի կուսակցապետին պարգեւատրեց հայկական մշակութային շաբաթի կազմակերպմանն օժանդակելու հուշամեդալով:

* * *

Ս.թ. ապրիլի 18-25-ը Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հալեպ այցելեց ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը:

Ապրիլի 19-ին Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոսության հովանավորությամբ Հ.Բ.Ը.Մ. դահլիճում տեղի ունեցավ դասախաոսական երեկո, որտեղ Նիկոլայ Հովհաննիսյանը դասախոսություն կարդաց «Հայաստանը միջազգային համակարգի գործոն եւ Հայաստանի արտաքին քաղաքականության արաբական դիրքորոշումը» թեմայով:

Ապրիլի 22-ին Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցու ներքնասրահում Նիկոլայ Հովհաննիսյանը բանախոսեց «Հայոց ցեղասպանությունը եւ արաբական դիրքորոշումը» թեմայով:

Տպել էջը