ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանը հանդիպեց ՅՈՒՆԷՍԿՕ-Ի գլխավոր տնօրեն Կ.Մացուրայի հետ 22 ապրիլ 2008թ. Ս.թ. ապրիլի

22 ապրիլի, 2008

Ս.թ. ապրիլի 22-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը հանդիպեց ՅՈՒՆԷՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուրայի հետ:

ՅՈՒՆԷՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը շնորհավորեց Է. Նալբանդյանին նոր պաշտոնին անցնելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նախկինում ստեղծված սերտ շփումներն ու համագործակցությունը կշարունակվեն ավելի մեծ թափով:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի եւ ՅՈՒՆԷՍԿՕ-ի միջեւ 2008-2009թթ. համար համագործակցության ազգային ծրագրավորման փաստաթղթի շրջանակներում նախատեսված կրթության, մշակույթի եւ տեղեկատվության ու հեռահաղորդակցության ոլորտներում կոնկրետ գործողությունների հետ կապված հարցեր:
Է. Նալբանդյանը կրկին անգամ ՅՈՒՆԷՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի ուշադրությունը հրավիրեց Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայկական պատմամշակութային արժեքների պաշտպանության գործում ՅՈՒՆԷՍԿՕ-ի միջնորդությունն ու աջակցությունն ապահովելու անհրաժեշտության վրա` մասնավորապես խորը մտահոգություն հայտնելով Նախիջ—անում Ադրբեջանի կողմից հայկական խաչքարերի միտումնավոր ոչնչացման փաստի կապակցությամբ եւ կրկին անգամ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ջուղայի հայկական հուշարձանների դեմ մշակութային ահաբեկչությունը դատապարտելու նպատակով:

Հանդիպման վերջում ՅՈՒՆԷՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը Է. Նալբանդյանին խնդրեց իր շնորհավորանքները եւ հաջողության մաղթանքները փոխանցել ՀՀ նախագահին:
Տպել էջը