ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանը հանդիպեց ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի հետ 22 ապրիլ 2008թ.

22 ապրիլի, 2008

ԱԱշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը ս.թ. ապրիլի 22-ին հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին: Շնորհավորելով ՀՀ ԱԳ նախարարին նշանակման կապակցությամբ, ՖՄԿ գլխավոր քարտուղարը գոհունակություն հայտնեց ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության վիճակից, դրա մեջ բարձր գնահատելով Է. Նալբանդյանի ներդրումը, որպես Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդում ՀՀ նախագահի անձնական ներկայացուցիչ:


Է. Նալբանդյանը, նշելով այն առաջընթացը, որ ֆրանկոֆոնիայի ուղղությամբ վերջին տարիներին գրանցվել է Հայաստանում, ներկայացրեց Հայաստանի մտադրությունը` առավել խորացնելու Հայաստանի ներառնվածությունը կազմակերպության մեջ: Այդ կապակցությամբ զրուցակիցները մտքեր փոխանակեցին համագործակցության հետագա ուղիների եւ ընթացիկ տարվա հոկտեմբերին նախատեսված Ֆրանկոֆոնիայի Քվեբեկի գագաթաժողովին Հայաստանի մասնակցության շուրջ:
Աբդու Դիուֆը Է. Նալբանդյանին խնդրեց իր ջերմ շնորհավորանքները եւ լավագույն փոխանցել ՀՀ նախագահին:

Տեղեկանք. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ստեղծվել է 1970 թ. եւ միավորում է աշխարհի մոտ յոթ տասնյակ երկրների ու հեղինակություն է վայելում միջազգային մակարդակով, ֆրանսերեն լեզվի եւ ֆրանկոֆոն մշակույթի տարածմանը զուգահեռ ուշադրության կենտրոնում պահելով համամարդկային ընդգրկման հարցեր, մասնավորապես խաղաղության հաստատման եւ տեւական զարգացման, ժողովուրդների միջեւ համերաշխության եւ համագործակցության ամրապնդման, քաղաքակրթությունների եւ մշակույթների երկխոսության ծավալման ուղղություններով: Հայաստանը 2004թ. ի վեր ՖՄԿ-ում ունի դիտորդ երկրի կարգավիճակ:
Տպել էջը