ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմինֆո» գործակալության հարցին 27 մարտի 2008թ.
27 մարտի, 2008Հարց. - Պարոն Բալայան, ադրբեջանական կողմը հայտարարել է, որ նամակ է ուղարկել ԵԱՀԿ քարտուղարություն` Մինսկի խմբի համանախագահների հետկանչման կամ փոփոխման ընթացակարգն ուսումնասիրելու նպատակով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ քայլը:
Պատասխան. Պարոն Ազիմովի պնդմանը հակառակ, այն նամակը, որ Ադրբեջանը ուղարկել է ԵԱՀԿ` ուղղված է Մինսկի խումբը ցրելուն եւ դա արվել է մինչեւ ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւի նախագծի քվեարկությունը: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի պաշտոնյաների պնդումները եւ քայելրը կապ չունեն խաղաղ կարգավորման գործընթացը շարունակելու իրենց պարտավորության հետ — ավելի շուտ կեղծ, ցուցադրական հանձնառությունների բնույթ են կրում: Դրա վկայությունն է նաեւ այն, որ ադրբեջանական կողմը, առանց որեւէ լուրջ հիմնավորման տապալեց ապրիլին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ նորընտիր նախագահի նախատեսվող հանդիպումը:
Մենք համաձայն ենք Մինսկի Խմբի համանախագահների հետ եւ հույս ենք հայտնում, որ այս քայլը եւ պրն. Ազիմովի արտահայտած տեսակետը Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության դիրքորոշումը չեն արտացոլում: