Վրաստանում Հայաստանի դեսպանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի քաղաքներ եւ գյուղեր այցելության վերաբերյալ 24 մարտի 2008թ.
24 մարտի, 2008Ս.թ. մարտի 22-ին, Սուրբ Զատիկի նախօրյակին Վրաստանում Հայաստանի դեսպան Հ. Սիլվանյանը եւ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ուղեւորվել էին հայաբնակ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի մի շարք քաղաքներ եւ գյուղեր:
Մարտի 22-ի ցերեկը Հայաստանի դեսպանը եւ թեմի առաջնորդը ժամանել են Ախալցխա քաղաք, այցելել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ մասնակցել են Ճրագալույցի Սուրբ պատարագին: Նույն օրը երեկոյան դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը եւ Հայ առաքելական եկեղեցու հոգեպետը մեկնել են Ախալքալաք, որտեղ մարտի 23-ին Սուրբ Խաչ եկեղեցում մասնակցել են Զատկական պատարագի մատուցմանը: Պատարագից հետո հյուրերին ցուցադրել են Ախալքալաքում կառուցվող կաթի վերամշակման գործարանը եւ նորակառույց սպորտդահլիճը: Պատվիրակության անդամները եղել են նաեւ Նինոցմանդա քաղաքում, որտեղ այցելել են Սուրբ Սարգիս եկեղեցի եւ նոր սպորտդահլիճ:
Ուղեւորության ընթացքում հյուրերը հանդիպել են տարածաշրջանի, քաղաքների եւ շրջանների օրենսդրական եւ գործադիր իշխանությունների ղեկավարների, ինչպես նաեւ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանի հետ` քննարկելով տարածաշրջանի ընդհանուր զարգացման հեռանկարները: Կազմակերպվել են նաեւ Ջավախքի բնակիչների հետ ավանդական հանդիպումներ, պատվիրակության անդամները պատասխանել են ունկնդիրների հարցերին:
Հայաստանի դեսպանին եւ Վիրահայոց թեմի առաջնորդին ուղեկցել են Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հ. Մովսիսյանը եւ Հ. Մկոյանը, նաեւ Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Նարեկ քահանա Ղուշչյանը: