Վիեննայում անցկացված «Եվրոհայկական խաղեր 2008» մրցաշարի վերաբերյալ 24 մարտի 2008թ. Մա

24 մարտի, 2008

Մարտի 21-24-ը Ավստրիայի հայկական մարզական «Արարատ» հանձնախմբի ջանքերով եւ Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի ու Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հովանավորությամբ Վիեննայում անցկացվել է «Եվրոհայկական խաղեր 2008» մրցաշարը, որին մասնակցել են Եվրոպայի եւ Լիբանանի տարբեր քաղաքներից 25 պատվիրակություններ` ավելի քան 650 հայ մարզիկներով:

Մրցումներ են անցկացվել մինիֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի, բադմինտոնի, շախմատի մարզաձեւերում:

Միջոցառման պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը դեսպան Հովակիմյանը հանդես է եկել մարզիկներին ուղղված ողջույնի խոսքով: Նա գոհունակություն է հայտնել համահայկական նման միջոցառումների անցկացման կապակցությամբ եւ հաջողություն մաղթել հայ մարզիկներին: Դեսպանը նաեւ ընդգծել է, որ համաեվրոպական հայկական խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլեւ նպաստում են Եվրոպայի տարբեր երկրներում բնակվող հայ երիտասարդների համախմբմանն ու հայապահպանմանը:

Խաղերի ավարտից հետո կայացած մրցանակաբաշխության ժամանակ դեսպան Հովակիմյանի կողմից հատուկ` «Արդար խաղի համար» մրցանակ է շնորհվել Շտուտգարտի մինիֆուտբոլի թիմին:

Փակման արարողությանը իր ելույթում դեսպան Հովակիմյանը շնորհավորել է բոլոր մարզիկներին մրցաշարի հաջող անցկացման համար եւ հույս հայտնել, որ նրանք բոլորը կմասնակցեն Երեւանում կայանալիք հաջորդ համահայկական խաղերին:

Եվրոհայկական հաջորդ խաղերը կանցկացվեն Շվեյցարիայում, իսկ 2010թ.` Ամստերդամում:
Տպել էջը