ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Երեւանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպման վերաբերյալ 21 մարտի 2008թ.

21 մարտի, 2008

Ս.թ. մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց ՀՀ-ում հավատարմագրված եւ Երեւանում նստավայր ունեցող դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների գրասենյակների ղեկավարների հետ:

Հանդիպման նպատակն էր օտարերկրյա դիվանագետներին ներկայացնել հասարակական համերաշխության վերականգնմանն ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, ինչպես նաեւ վերահաստատել իշխանությունների քաղաքականությունը բոլոր գործընթացները Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում անցկացնելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում նախարար Օսկանյանը կարեւորեց քառակողմ կոալիցիոն հուշագրի ստորագրման փաստը` նշելով, որ այն լուրջ հիմքեր է տալիս անդամ քաղաքական ուժերի ծրագրերը համադրելու եւ այդ ծրագրերով ուղղորդվելով` երկիրը առաջ տանելու համար:

Նախարար Օսկանյանը ներկայացրեց նաեւ Հայաստանի դիրքորոշումը ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի կողմից առաջարկված բանաձեւի նախագծի քվեարկության եւ քվեարկությունից հետո ստեղծված իրադրության վերաբերյալ: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում մշակված փաստաթղթի սկզբունքներին եւ գտնում է, որ գործընթացները պետք է ընթանան ՄԽ շրջանակներում:

Տպել էջը