ՀՀ ԱԳ նախարարի եւ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հանդիպման վերաբերյալ 18 մարտի 2008թ. Ս.

17 մարտի, 2008

Ս.թ. մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին:

Ողջունելով հյուրին` նախարար Օսկանյանը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի համար պատասխանատու պահին Ռուսաստանի զորակցության համար:
Տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության մասին խոսելիս կողմերը երկուստեք գոհունակություն հայտնեցին Հայաստանի եւ Ռուսաստանի բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ հետընտրական զարգացումներին, ներքաղաքական իրավիճակին եւ նշեցին, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերն իրադրությունը հնարավորին արագ կարգավորելու նպատակով:

Կողմերը քննարկեցին նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մարտի սկզբին ԼՂ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումը եւ ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի կողմից առաջարկված բանաձեւի նախագծի քվեարկության արդյունքները:

Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությանը վերաբերող հարցեր, Կոսովոյի անկախության հռչակումից հետո ստեղծված իրադրությունը, այդ հարցի վերաբերյալ Հայաստանի եւ Ռուսաստանի դիրքորոշումները, ինչպես նաեւ ապրիլի սկզբին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հետ կապված հարցեր:
Տպել էջը