«Բրյուսելյան ֆորում 2008» համաժողովին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մասնակցության մասին 16 մարտի 2008թ.
16 մարտի, 2008Ս.թ. մարտի 15-16-ը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մասնակցեց Բելգիայի մայրաքաղաքում մեկնարկած «Բրյուսելյան ֆորում - 2008» համաժողովին:
Համաժողովի շրջանակներում նախարար Օսկանյանը եւ Վրաստանի Ռեինտեգրացիայի հարցերով պետական նախարար Թեմուրի Յակոբաշվիլին որպես հիմնական բանախոսներ հանդես եկան «Արդյոք, Եվրոպա տանող ուղին տարածվու՞մ է դեպի Կովկաս» խորագրով քննարկմանը:
Իր խոսքում նախարար Օսկանյանը անդրադարձավ Հայաստանում կայացած ընտրություններին եւ դրանց հաջորդած իրադարձություններին, որոնք որակեց ոչ թե որպես հետընթաց ժողովրդավարությունից, այլ ժամանակավոր շեղում: Վերլուծելով ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, նախարարը պարզաբանեց, որ դա հետեւանքն է քաղաքական եւ սոցիալական ինստիտուտների հանդեպ հասարակության վստահության պակասի:
Խոսելով Հայաստան-Եվրոպա հարաբերությունների եւ դրանց հեռանկարների մասին, նախարարը առաջարկեց, որ մոտ ապագայում այդ համագործակցության առանցքային ոլորտները լինեն կրթությունը եւ ԶԼՄ-երը:
Եզրափակելով իր ելույթը նախարար Օսկանյանը ընդգծեց, որ Հայաստանը այսօր առավել քան երբեւէ Եվրոպայի կարիքն ունի` միասին աշխատելու ժողովրդավարությունը խորացնելու համար:
Նախարար Օսկանյանը հանդիպեց նաեւ ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի հետ: Հանդիպման ընթացքում քննարվեցին Հայաստանում հետընտրական իրավիճակը, եւ ստեղծված իրադրությունից արագ դուրս գալու ուղիները:
Կից ներկայացնում ենք ԱԳ նախարար Վ.Օսկանյանի ելույթի հիմնական դրույթները: