Լոնդոնում Բրիտանական խորհրդի կազմակերպած«Ապրենք միասին» ծրագրի գագաթնաժողովի վերաբերյալ 14 մարտի 2008թ.
14 մարտի, 2008Ս.թ. մարտի 12-ին Լոնդոնի` «Վեսթմինսթրի կենտրոնական դահլիճում» (Westminster Central Hall) Եվրոպական խորհրդի հովանավորության ներքո տեղի է ունեցել Լոնդոնում Բրիտանական խորհրդի կազմակերպած «Ապրենք միասին» ծրագրի գագաթնաժողովը, որին հաջորդել է «Տան նման այլ տեղ չկա» (No place like home) լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը:
Գագաթնաժողովի նպատակն էր միջմշակութային երկխոսության ապահովման միջոցով Եվրոպայի տարածաշրջանային սոցիալական հիմնախնդիրների, մասնավորապես` փախստականների եւ անհանդուրժողականության վերաբերյալ բազմակարծության, նոր տեսակետների, մտահոգությունների եւ առարկությունների փոխանակման եւ միասնական աշխատանքի համար համապատասխան չեզոք դաշտի ապահովումը:
Եռօրյա խորհրդաժողովի ընթացքում նախատեսվել է համընդհանուր քննարկում Եվրոպայի երեսուն երկրների քաղաքական գործիչների, լրագրողների եւ քաղաքացիական հասարակության առաջնորդների միջեւ: Ծրագրի ընթացքում ելույթ են ունեցել ՄԹ Եվրոպայի նախարար Ջիմ Մրֆին, Սլովենիայի նախագահ Դանիլո Թուրքը եւ ուրիշներ: Հայաստանից միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարությանն առընթեր փախստականների եւ միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանը, Հանրային հեռուստաընկերության լրագրող Արթուր Բախտամյանը եւ ուրիշներ:
Գագիկ Եգանյանն իր ելույթում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության շրջանակում փախստականների ինտեգրացիայի հիմնահարցերին: Ժողովին հրավիրված են եղել մի շարք երկրների դիվանագետներ, վերլուծական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցել է նաեւ Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը: