Բուխարեստում կայացած մշակութային միջոցառումների վերաբերյալ 14 մարտի 2008թ. Ռումինիայի պատմության ազգային
14 մարտի, 2008Ռումինիայի պատմության ազգային թանգարանում կայացած գրքի ցուցահանդես-վաճառքի շրջանակում, որին առանձին տաղավարով մասնակցում էր Ռումինիայի հայոց միության «Արարատ» հրատարակչությունը, մարտի 6-ին տեղի է ունեցել ռումինահայ լրագրող եւ թարգմանիչ Մադլեն Կարակաշյանի «Հայերի հետ եւ հայերի մասին» ռումիներեն գրքի երրորդ մասի շնորհանդեսը: Գիրքը ներառում է հեղինակի կողմից տարբեր ժամանակներում եւ զանազան ԶԼՄ-ներում լույս ընծայած հոդվածներ հայաստանյան ուղեւորությունների մասին, հարցազրույցներ հայաստանցի, ռումինահայ եւ սփյուռքի այլ համայնքների հայտնի գործիչների հետ: Շնորհանդեսին ելույթ են ունեցել Ռումինիայի հայոց միության փոխնախագահ, խորհրդարանի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի հայոց միության «Նոր կյանք» եւ «Արարատ» թերթերի ընդհանուր խմբագիր Մաքայել Ստեփան-Գազազյանը, գրքի հեղինակ Մադլեն Կարակաշյանը, Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը:
Նույն ցուցահանդեսի շրջանակում մարտի 7-ին կայացել է գերմանացի գրող Էդգար Հիլզենրաթի «Վերջին մտքի հեքիաթը» վեպի ռումիներեն հրատարակության շնորհանդեսը (թարգմանիչ` Միհնա Գաֆիցա, (Mihnea Gafita)): Ելույթ են ունեցել ռումինահայ գրող եւ հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը, գրաքննադատ Պաուլ Չերնատը (Paul Cernat), հայ համայնքից Արփիար Սահինյանը, Ռումինիայի հայոց միության «Նոր կյանք» եւ «Արարատ» թերթերի ընդհանուր խմբագիր Մաքայել Ստեփան-Գազազյանը, Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը:
Մարտի 7-14-ը Բուխարեստի Ֆրանսիական մշակութային կենտրոնի դահլիճում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կինոփառատոնի ծրագրով մարտի 11-ին ցուցադրվել է ֆրանսիական արտադրության «Ճամփորդություն դեպի Հայաստան» գեղարվեստական ֆիլմը (արտ.2006թ.), որին ներկա են եղել ռումին եւ այլազգի հանդիսատեսներ, ռումինահայ համայնքի, Հայաստանի դեսպանության եւ ԶԼՄ ներկայացուցիչներ: