ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Հայաստանի մասնակցությամբ կայացած ԳՀԽ քաղաքական-ռազմական ուղղորդող կոմիտեի նիստի վերաբերյալ 13 մարտի 2008թ.

11 մարտի, 2008

Ս.թ. մարտի 10-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է ԳՀԽ
քաղաքական-ռազմական ուղղորդող կոմիտեի նիստը Հայաստանի մասնակցությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են 2008թ. համար Հայաստանի Գործընկերության նպատակները, որոնք մշակվել են Պլանավորման եւ վերանայման գործընթացի շրջանակում:

Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում են եղել ՊՆ փոխնախարար Ա. Նազարյանը, ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար
Ս. Մկրտչյանը, ՊՆ միջազգային ռազմական համագործակցության եւ պաշտպանական ծրագրերի վարչության պետ Դ. Տոնոյանը, ՆԱՏՕ-ում Հայաստանի ռազմական ներկայացուցիչ Մ. Իսրայելյանը, ՊՆ ՄՌՀՊԾ բաժնի վարիչի պաշտոնակատար Ա. Մեսրոպյանը, ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության անդամ
Հ. Կատվալյանը: Նիստը նախագահել է ՆԱՏՕ-ի Պաշտպանության քաղաքականության եւ պլանավորման ստորաբաժանման Զինված ուժերի պլանավորման տնօրինության ղեկավար Ֆ. Բոլանդը:

Նիստին նախորդել է Հայաստանի պատվիրակության հանդիպումը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչ Ռ. Սիմոնսի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի վերջին օրերի ներքաղաքական զարգացումներին, պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Ռ. Սիմոնսին ներկայացվել են Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի իրավական եւ այլ հիմնավորումները: Միաժամանակ հայկական կողմը վստահեցրել է, որ ձեռնարկված պաշտպանական բարեփոխումների ընթացքը անխափան կշարունակվի:

ԳՔ հատուկ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ իրավիճակը հնարավորին արագ կկարգավորվի եւ իր կողմից հաստատել է Դաշինքի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման պատրաստակամությունը:
Տպել էջը